Թումո անդամներն օգտվում են կինոցուցադրությունների հարուստ ծրագրից՝ շնորհիվ ժամանակակից սարքավորումներով հագեցած կինոթատրոնի, որ նախատեսված է 90 հոգու համար: Հատուկ ընտրված ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր՝ որպես թվային մեդիա ոլորտում ուսումնական ծրագրի մաս: Այստեղ ցուցադրվում են դասական, ժամանակակից, եռաչափ հանրահռչակ ֆիլմեր: Յուրաքանչյուր ամիս Թումո ֆիլմադարանի ծրագրին միջինը մասնակցում են 1800 Թումո անդամներ:
Ցանկացած ժամանակ Թումո անդամները մուտք ունեն տարաբնույթ աշխատարաններ չորս հիմնական և օժանդակ տեխնիկական, արտիստիկ ու մասնագիտական հմտությունների ոլորտներում: Աշխատարանները լինում են սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներում, իսկ վերջնարդյունքը խորացված աշխատարանն է, որի ժամանակ մշակվում և իրականացվում է որևէ նախագիծ: Թիմային այս դժվարին ջանքերի շնորհիվ ստեղծվում է մի աշխատանք, որը ներկայացվում է մրցույթի, ցուցադրվում փառատոններում կամ ներկայացվում առցանց հարթակներում կամ վեբ հավելվածների առցանց խանութներում:
Աշխատարանները ղեկավարում են և՛ Թումո աշխատակիցները, և՛ աշխարհի տարբեր ծայրերից շարունակաբար Թումո հյուրընկալվող կայացած մասնագետներ:
Թումոյում ուսումնառությունը հատկորոշվում է մի շարք հատուկ միջոցառումներով, որոնք նախատեսված են և՛ կենտրոնի անդամների համար, և՛ երբեմն բաց են հանրության առջև: Դրանք կազմակերպվում են, որպեսզի խթանեն ու ոգեշնչեն Թումո անդամներին, ինչպես նաև ներգրավեն տեղական համայնքներին Թումոյի հետագա գործունեությանը:
Տարվա ընթացքում Թումոն իր հարկի տակ հյուրընկալում է մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ և մասնագետներ՝ Թումոյի ուսումնական ծրագրին առնչվող թեմաներով դասախոսություններ վարելու համար:
Համապատասխան բաժիններում կարող եք տեղեկանալ Թումոյում արդեն իրականացված աշխատարանների և միջոցառումների մասին։