Կադր առ կադր դասական անիմացիա

Առնաբի Չաուդուրիի մասին

 

Առնաբ Չաուդուրին մրցանակակիր անիմատոր է, ով ռեժիսորն է Դիսնեյի հայտնի «Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմի, որը միավորում է տարբեր տեսակի անիմացիաներ՝ ներկայացնելով երբևէ պատմված ամենահզոր հնդկական պատմությունը: Չաուդուրին նաև եղել է տարբեր միջազգային անիմացիոն փառատոնների ժյուրիի անդամ: Նա սովորել է անիմացիա Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանում:

 

 

 

Երեք շաբաթների ընթացքում ռեժիսոր և անիմատոր Առնաբ Չաուդուրիի ղեկավարությամբ 13 Թումո պատանի ձեռք բերեցին հմտություններ ձեռքով նկարած անիմացիայի ստեղծման ոլորտում: Դասընթացի վերջին շաբաթը մասնակիցներից յուրաքանչյուրը աշխատեց իր 20 վայրկյան անիմացիայի մշակման ուղղությամբ: 

 

Մասնակիցները զարգացրեցին իրենց ստեղծարար հմտությունները՝ նկարելով մեկ րոպեանոց պատկերներ, կիրառելով ձախ ձեռքը և ստեղծելով հինգ առարկաներ պատկերող կոլաժներ: Այնուհետև, Առնաբը յուրաքանչյուր մասնակցի հատկացրեց 30 վայրկյան՝ մտաբերելու իր անվան առաջին տառով սկսվող որևէ կենդանի, վայր և առարկա, որոնք հետագայում դարձան քսան վայրկյան անիմացիայի թեմա: Բառերը միացնելով և ստանալով նախադասություն, որը սկսվում էր իրենց անունով, յուրաքանչյուր պատանի ստեղծեց իր պատմատախտակը: Սկանավորելով և թվայնացնելով պատմատախտակները՝ մասնակիցները սկսեցին աշխատել արտադրության ուղղությամբ:

 

Adobe After Effects, Adobe Premiere և Final Cut Pro ծրագրաշարերի օգնությամբ պատանիները վերածեցին պատմախտակները կարճ անիմացիայի: Դասընթացի արդյունքները ցուցադրվեցին Թումոյում սաների և լայն հանրության առջև երկու շաբաթ տևողությամբ ցուցահանդեսի ընթացքում: