Արտավազդ Փելեշյանը Թումոյում

Արտավազդ Փելեշյանի մասին

 

Արտավազդ Փելեշյանը (ծնված 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում, այժմ` Գյումրի) համաշխարհային ճանաչում ունեցող հայ ռեժիսոր-վավերագրող է, կինոտեսաբան։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

 

Նա «տարածական մոնտաժի» հիմնադիրներից է, որը մոնտաժի զարգացման պատմության մեջ մի նոր քայլ էր: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:

 

Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն: Կարդալ ավելին >>

 

Թումոյի համար մեծ պատիվ էր հյուրընկալելու 20-րդ դարի համաշխարհային վավերագրական կինոյի մեծերից մեկին՝ Արտավազդ Փելեշյանին: Թումոյի սաներին  անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններին հաղորդակից դարձնելու համար ցուցադրվեցին նրա նշանավոր ֆիմերից մի քանիսը՝ «Մենք» (1969 թ), «Տարվա եղանակները» (1975 թ.),  «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.):

 

Ցուցադրությունից հետո Թումոյի պատանիները եզակի հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու հայ մեծագույն կինովարպետի հետ, որի վավերագրական ֆիլմերը առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով:

Արտավազդ Փելեշյանը  համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ առաջին անգամ իր ֆիլմում  օգտագործելով «Տարածական մոնտաժի տեսությունը»: Նրա այդ ուսմունքը  դարձավ անփոխարինելի դասագիրք  բազմաթիվ բուհերի ուսանողների համար:

 

Նրա ֆիլմերում չկա երկխոսություն, իսկ երաժշտությունն ու ձայնը ունեն նույնքան կարևոր դեր, որքան պատկերները ՝ կազմելով մեկ ամբողջականություն: Առայսօր նրա վավերագրական ֆիլմերը շարունակում են ծառայել որպես բարձր վարպետության լավագույն օրինակներ բազմաթիվ երիտասարդ կինոռեժիսորների համար:

 

Բոլորովին վերջերս Փելեշյանի «Տարվա եղանակները» (1972 թ.) կինոնկարը ընգրկվել է  «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկի մեջ: