Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է:
Փառատոնը ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:
Թումոն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համատեղ այս շաբաթ կազմակերպեցին մի շարք հանդիպումներ միջազգային ճանաչում ունեցող անձանց մասնակցությամբ:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մրցանակակիր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, հաղորդակցման մասնագետ Պատրիկ Սարկիսյանի և տրանսմեդիայի մասնագետ Դանիել Կալաբուգի հետ: Նրանք զրուցեցին «տրանսմեդիայի» մասին, թե ինչպես ստեղծել մի ամբողջական պատմություն՝ միավորելով տարբեր պլատֆորմներ:
«Սա հրաշալի հնարավորություն է հյուրընկալելու այնպիսի անձանց, ովքեր փորձում են կապոել ֆիլմարտադրությունը այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են խաղերի ստեղծումը և կայքերի մշակումը, – նշում է Բեկոր Փափազեանը, ով հանդիսանում է Թումոյի հոգաբարձուների խորհրդի անդամ և այս քննարկման մեկնաբանը։ «Տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներից զանազան կարծիքներ լսելն արդեն ահռելի կարևորություն ունի մեր ապագա մասնագետների մտահորիզոնի ընդլայնման գործում»։
Քննարկման մասնկիցները զրուցեցին արդի, իրենց մտահոգող թեմաների շուրջ, ինչպես նաև քննարկեցին հանդիսատեսի փոխվող վերաբերմունքը ֆիլմի և մեդիայի հանդեպ:
«Հանդիսատեսը միշտ էլ ցանկացել է ավելի ներգրավվել պատմության մեջ և այժմ տեխնոլոգիաները նրանց ընձեռում են այդ հնարավորությունը»,- ասաց Կալաբուգը, ով մասնակցում էր քննարկմանը Իսպանիայից առցանց տրաբերակով։ «Բայց խնդիրն այն է, թե որքան ենք մենք ցանկանում, որպեսզի հանդիսատեսը մասնակցի պատմության զարգացմանը»:
Չնայած հնչած տարբեր կարծիքների, բոլոր երեք մասնակիցներն էլ համաձայնվեցին, որ սոցիալական և տեխնոլոգիական նվաճումները լիովին փոխել են պատմությունների մատուցման ձևը:
Հանդիպումները շարունակվեցին նաև հինգշաբթի օրը, երբ Թումո հյուրընկալվեց փաստագրական կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոյին:
«Երբ ես 13 տարեկան էի, որոշեցի հեռանալ տանից և գտնել այն ինչ ուզում եմ»,- հենց այսպես սկսեց իր խոսքն հայտնի ռեժիսորը՝ ոգեշնչելով ուսանողներին, ֆիլմի սիրահարներին և բոլոր ներկաներին հետևել իրենց ցանկություններին։ «Եթե ինչ որ բան եք ցանկանում անել, ապա երկար մի մտածեք, այլ ռիսկի դիմեք, մնացյալը ինքնըստինքյան կստացվի», հավելեց նա։
Ռեժիսորն իր խոսքում անրադարձավ նաև արվեստի և տեխնոլոգիաների կարևորությանը արդի իրականությունում: «Տեխնոլոգիաները ամենատարակարծիք այժմյան թեման են: Այն ինքնին մի նոր շրջակայք է, այլ ոչ թե մի բան, որը մենք պարզապես օգտագործում ենք»։
Ավարտին կինոռեժիսորը հավելեց. «Ապագան հենց դուք եք, ստեղծե՛ք ձեր աշխարհը, ուրիշի աշխարհում ապրելու փոխարեն:»