Ստենոպ լուսանկարչություն և եռաչափ տպագրություն

Նաչո Մարտիի մասին

 

Նաչո Մարտին իսպանացի դիզայներ է, ով աշխատում է Լոնդոնում՝ ստեղծելով ժամանակակից ինտերիեր և ցուցահանդեսներ: Նա 8 տարի դասավանդել է Բարսելոնայի Elisava դիզայնի դպրոցում: Նա նաև ստացել է մագիստրոսի կոչում Լոնդոնի ճարտարագիտական համալսարանում: Նաչոն այժմ աշխատում է Լոնդոնում տարբեր նախագծերի վրա, ինչպես նաև դասավանդում է Լոնդոնի Ճարտարագիտական Համալսարանում: Կարդալ ավելին >>

 

Ամռան 2 շաբաթների ընթացքում դիզայներ Նաչո Մարտին և Թումո ուսանողները ստեղծեցին լուսանկարների շարք համադրելով թվային և արհեստների աշխարհները: Դասընթացի մասնակիցները նախագծեցին և պատրաստեցին 3 տարբեր pinhole տեսախցիկներ և լուսանկարեցին Թումոյի շրջակայքը: Ստենոպ տեսախցիկը լուսակայուն խցիկ է՝ փոքրիկ անցքով, որը հիմնված է տեսախցիկի մթության սկզբունքով նկարելու վրա: Հերմետիկ տուփերի վրա արված են ասեղի հաստությամբ անցքեր , որոնց միջով ներս է թափանցում լույսը՝ արտացոլելով տուփից դուրս գտնվող տեսարանը և լուսանկարում այն:

 

Թումոյի ուսանողները մի քանի ձևաչափի ստենոպ խցիկների օգնությամբ նկարահանեցին Թումոյի շրջակայքը: Արտացոլվելով խցիկի ներքին մակերեսի վրա յուրահատուկ փոխակերպված պատկերները նկարահանվեցին թվային տեսախցիկի միջոցով: Այպիսով միաժամանակ օգտագործվեցին թե՛ թվային, և թե՛ անալոգ միջոցներ:

 

Դասընթացը մեկնարկեց եռաչափ մոդելների նախագծմամբ Rhino ծրագրի միջոցով, որտեղ մասնակիցները ստացան տարբեր խցիկների ձևերը: Պարամետրիկ մոդելավորման շնորհիվ մասնակիցները պատրաստեցին խցիկների հոդերը՝ տեսախցիկի յուրահատուկ ձևը ստանալու համար: Այնուհետ եռաչափ տպիչների օգնությամբ նյութականացրեցին մասերը: Մասնակիցները հավաքեցին լուսաքողարկված խցիկները օգտագործելով փայտ, կտոր և վինիլային թաղանթ:

 

Միաժամանակ խցիկների արտադրման և նկարահանման ընթացքում ուսանողները բացահայտեցին եռաչափ մոդելավորման, օպտիկայի և լուսանկարահանման հիմնական գաղափարները, ինչպես նաև ձեռք բերեցին արհեստի հմտություններ: Ոչ պակաս կարևոր դասընթացի մաս էր կազմում պլանավորման հմտության ձեռք բերումը, թիմային աշխատանքը և կարճ ժամանակում ստեղծարար լուծումներ տալու կարողությունը: