Լուսանկարչության հիմունքներ

Թումոյի լուսանկարչության մասին


Թումոյում պարբերաբար անց են կացվում լուսանկարչության մասնագիտացված աշխատարաններ՝ աշխարհի տարբեր երկրների հայտնի արհեստավարժների մասնակցությամբ: Կենտրոնում աշխատարաններ են վարել և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպել բազմաթիվ մասնագետներ, որոնցից են մրցանակակիր լուսանկարիչներ Սքաութ Թյուֆենկճյանը, Էրիկ Գրիգորյանը, Արա Օշականն ու Ջորդի Ադրիան:

 

Անցած աշխատարանների ընդգրկած թեմաներից են եղել արտադրական լուսանկարչությունը, ֆոտո-լրագրությունը, դիմանկարը և գույնի ստեղծարար ներուժը լուսանկարներում: Տարբեր մակարդակների ուսանողները՝ սկսնակներից մինչև հմտացածներ, մասնակցել են աշխատարաններին և սովորել իրենց շրջապատող աշխարհից պատկերներ լուսանկարելու վերջին, նորագույն հմտությունները:

 

2013 թ. աշնանը Թումոյում կայացավ լուսանկարչության հիմունքների աշխատարան, որը ուսանողներին ծանոթացրեց DSLR խցիկների աշխատանքին և պատկերը կատարելագործելու ֆունկցիոնալ կարողություններին:

 

Աշխատարանում քննարկված թեմաներն էին ոսպնյակների բացվածքը,փականի արագությունը և ISO-ը: Նման պարամետրերի հիմնական սկզբունքները յուրացնելուց հետո ուսանողներն աշխատեցին զույգերով՝ լուսանկարելով տարածքում և փորձարկելով լույսի կառավարման տարբեր տեխնիկաները: Ապա խմբերով գնահատեցին իրենց աշխատանքներն ու ընտրեցին լավագույն կադրերը վերջնական ներկայացման համար:

 

Մոտ 200 պատանիներ մասնակցեցին չորս շաբաթ տևողությամբ երկու դասընթացների: Բացի պրոֆեսիոնալ խցիկի օգտագործման ձևերը սովորելուց, նրանք նաև ծանոթացան տեխնիկապես լավ պատկեր ստանալու հիմնական սկզբունքներին: 

 

Ահա մի քանի օրինակներ աշխատարանի ուսանողների լուսանկարներից.