Րաֆֆիի շաբաթը Թումոյում

Րաֆֆի Գրիգորյանի մասին

 

Րաֆֆի Գրիգորյանը Թվիթեր սոցցանցի փոխնախագահն է ՏՏ ոլորտում, պատասխանատու է ընկերության հիմնական ենթակառույցների ու ծրագրերի համար, որոնք գործի են դնում Թվիթերի էկոհամակարգը: Նախկինում Րաֆֆին եղել է WattzOn.com-ի համահիմնադիրը․ ստարտափ ընկերություն, որը "Business Week" ամսագիրն անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա "O'Reilly Media"-ի կողմից հրատարակված "TiVo Hacks" գրքի հեղինակն է, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

 

Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը ապրիլի 12-ից 19-ը Հայաստանում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ Թումոյի կրթական համակարգին և կենտրոնին օգնել կառուցել ծրագրավորման ընդլայնված ուսումնական պլան:

 

Մեկշաբաթյա այցի ընթացքում Գրիգորյանը անցկացրեց ծրագրովորման երկու դասընթաց, հանրային դասախոսություն և հանդիպեց ՀՀ կառավարության և հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 14-ից 17-ը Գրիգորյանը վարեց ծրագրավորման առաջադեմ դասընթաց Twitter API-ի մասին ուսանողների և նորավարտների համար, և միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների թեմայով Թումո անդամների համար: Ապրիլի 18-ին Գրիգորյանը վարեց «Այն, ինչ կարևոր է» վերնագրով բաց դասախոսություն՝ անդրադառնալով Թվիթերում ստացած իր մեծ փորձառությանը:

 

Գրիգորյանը խոստացավ շուտով վերադառնալ Հայաստան և, ԱՄՆ հասնելուն պես, շարունակեց իր ակտիվ համագործակցությունը Թումոյի ղեկավարության հետ ծրագրավորման ուսումնական պլանի նախագծի վերաբերյալ: