Թումոն տոնեց իր 1-ամյա տարեդարձը

2012-08-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումո կենտրոնն արդեն մեկ տարեկան է: Օգոստոսի 14-ին ավելի քան 3000 պատանիներ հավաքվեցին Թումո պլազայում՝ նշելու կենտրոնի մեկամյա հաջողությունները: Թումո անդամներին իրենց ելույթներով շնորհավորելու էին եկել «Ռեինկարնացիա» խումբը և DJ Սերժոն:

 

Անցյալ տարի օգոստոսին իր դռները պատանիների առաջ բացած Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այժմ արդեն ունի է 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանի, որոնց օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

 

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը շատ այլ նախագծերի ու ստեղծագործական աշխատանքների հեռանկար է տեսնում. «Ճիշտ է, այս մեկ տարվա ընթացքում աշխատել ենք ծանրաբեռնված, տարբեր դժվարություններ ենք հաղթահարել, բայց առաջին մեկ տարվա համար մեր հաջողություններն ու աշխատանքի արդյունքներն արդեն ակնառու են, ու դա մեզ շատ է ոգևորում: Մեր հաջողությունների պատճառը աշխատանքներում ստեղծագործականության խթանումն է, երբ բոլորս ու ամեն մեկս ձգտում ենք նոր, հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ գտնել, և այդ ամենը գումարվում է ընդհանուր նվաճումներին»: