Դեպի Թումանյանի այգի

2015-03-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երևանի հանգստի ամենահին վայրերից մեկը՝ Թումանյանի այգին, Թումոյի բացումից ի վեր նոր շունչ է ստացել: Թումոյի շենքին հարակից գտնվող Թումո պլազան, որը նախագծել է Բերնարդ Խուրին, դարձել է Երևանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը:

 

Թումանյանի այգին բաղկացած է երկու մասից: Պլազան, որը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակների վերակառուցված շատրվանների շուրջ, հյուրընկալում է համերգներ, պարային մրցույթներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Իսկ այգու կանաչ մասը խաղաղ տարածք է, որտեղ յուրաքանչյուրը կարող է վայելել հիանալի տեսարան և կտրվել առօրյա եռուզեռից: Այգում կա պիկնիկի տարածք և խաղահրապարակ երեխաների համար: Թումանյանի այգին Երևանի ընտանեկան հաճելի ժամանցի վայրերից է՝ մշտապես խնամված, շուրջօրյա լուսավորությամբ և անվտանգության ծառայությամբ:

 

Պլազան՝ իր եռանկյունիների վրա հիմնված դիզայնով, դարձել է չմշկորդների, անվաչշմշկողների, հեծանվորդների, պարկուրիստների և լանդշաֆտային ճարտարապետների սիրելի վայրը:

 

Եղանակի տաքացման հետ համընթաց այգու այցելուները շատանում են: Թումո անդամների ծնողներն այստեղ հաճախ սպասում են դասերի ավարտին, իսկ շատերը պարզապես վայելում են այգու անդորրը: