Սևանցի ուսանողը

2015-02-09

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Արտյոմ Բադալյանը արդեն մեկուկես տարի է ինչ շաբաթը երկու անգամ կտրում է Սևանից մինչև Երևան ընկած ճանապարհը, որպեսզի գա Թումո և զբաղվի իրեն ամենաշատը հետաքրքրող առարկայով:

 

«13 տարեկան էի, երբ մտնում էի ինտերնետ ու կայքերի կոդերն էի նայում: Ու սկսեցի էստեղից-էնտեղից կարդալ web ծրագրավորման մասին, ծանոթացա HTML, CSS լեզուներին»: Արտյոմը Սևանի պետական քոլեջի ուսանող է: «Այն գիտելիքները, որ Թումոյում եմ ստանում, շատ օգտակար են ոչ միայն անձնապես իմ, այլև քոլեջի դասերիս համար»:

 

Արտյոմը առաջին անգամ Թումոյի մասին լսել է, երբ ընկերներից մեկը պատմել է Ռոբոտաշինության դասընթացի մասին: Իրեն այնպես է հետաքրքրել ռոբոտներ ստեղծելու գաղափարը, որ նա որոշել է իսկույն նստել Երևան եկող ավտոբուսը և գրանցվել Թումո:

 

Այդ ժամանակից ի վեր Արտյոմը հասցրել է մասնակցել կայքերի ստեղծման և ծրագրավորման երեք մակարդակների դասընթացներին  և Wolfram ծրագրավորման նախագծին, որոնց ընթացքում նա սովորել է JavaScript, PHP, JQuery և բարելավել իր հմտությունները  HTML և CSS ծրագրավորման լեզուներում: 

 

«Ծրագրավորման մեջ ինձ ամենաշատը գերում է այն, որ ցանկացած խնդիր ունի լուծման հազարավոր տարբերակներ և ամեն մասնագետ իր յուրահատուկ ձևով է այն լուծում: Դա ստեղծագործական ընթացք է: Ցանկացած կայքի կոդը նայելով կարող ես ինչ-որ մանրամասնություններ իմանալ այն ստեղծողի բնավորության մասին, օրինակ՝ նա փնթի է, թե մաքրասեր»:

 

Հիմա Արտյոմը մտածում է հետաքրքիր նախագծեր իրականացնելու ուղղությամբ: «Ընկերներով միտք ունենք մի կայք ստեղծելու, որը կմիավորի բոլոր հետաքրքրված ծրագրավորողներին, ովքեր կարող են կայքի միջոցով կիսվել իրենց աշխատանքներով և պետք եղած դեպքում դիմել իրենց կոլեգաների օգնությանը»: