Գևորգի բազմազան կողմերը

2015-03-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երևանից և արտասահմանից Դիլիջան ժամանող Թումոյի բոլոր դասընթացավարները ճանաչում են Գևորգ Ամիրխանյանին: Եվ դրա պատճառը իր բացառիկ հասակը չէ: Գևորգը մասնակցել է համարյա թե բոլոր դասընթացներին՝ սկսած 2013-ի սկզբում Դիլիջանում անցկացված առաջին՝ Սանձահարի՛ր Թումոյի շատրվանները աշխատարանից, մինչև գրաֆիկական դիզայնի և ծրագրավորման դասընթացները, որոնք անցկացվել են անցյալ ամիս:

 

«Փոքր ժամանակ ժամերով նստում էի համակարգչի դիմացը և ինչ կարող էի տնտղում էի: Երբ Դիլիջանում Թումոն բացվեց, զանազան վարժանքների և դասընթացների շնորհիվ ես շարունակեցի անել նույն բանը, բայց շատ ավելի գիտակցված»: Այն հարցը, թե որ ուղղությունն է Գևորգին ամենաշատը հետաքրքրում, միանշանակ պատասխան չունեցավ՝ «Դե ես տարբեր ոլորտներով եմ հետաքրքրված, բայց հատկապես կառանձնացնեմ կայքերի ստեղծումը, համ էլ թվային մեդիան, եռաչափ մոդելավորումը... մմմ, ֆիլմերի ստեղծումը: Չէ, դժվար է մեկը ընտրել»:

 

Ըստ Գևորգի քչով սահմանափակվելը վատագույն ընտրությունն է: «Ես երբեք չեմ կարծել, որ եթե կայքերի ստեղծմամբ եմ հետաքրքրված, ուրեմն չեմ կարող նաև արվեստով հետաքրքրվել: Դրա ապացույցն այն փաստն է, որ անցյալ տարի ես հայտնվեցի երգի մրցույթում: Երբևէ երաժշտությամբ չեմ զբաղվել, նոտաները չգիտեմ, բայց պարզվեց որ վատ չեմ երգում և ես անցա իմ տարիքային խմբի լավագույն տասնյակ: Ճիշտ է, մեծ երգիչ չեմ դառնա, բայց շաաատ հետաքրքիր էր», նա պատմում է ծիծաղելով:

 

Գևորգը այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Սպասարկման բաժնում: Նա պատրաստվում է ապագայում նպաստել Դիլիջանի զբոսաշրջության զարգացմանը: «Այստեղի բնության շնորհիվ բազմթիվ զբոսաշրջիկներ են գալիս Դիլիջան: Եկեղեցիներ և անտառներ տեսնելուց հետո, ինձ հաճախ հարցնում են, թե որտեղ են ակումբները, սրճարանները: Իսկ մեզ մոտ դրանք ուղղակի չկան: Կարծում եմ՝ եթե ավելի շատ զվարճանքի վայրեր լինեն, և՛ բնակիչներն ավելի շատ աշխատանք կունենան, և՛ զբոսաշրջիկները ավելի հետաքրքրված կլինեն քաղաքի մեջ: Ճիշտ է, սրանք հեռակա պլաններ են: Հիմա իմ հաջորդ քայլն է հայոց բանակին ծառայելը»: