Հարվարդից Թումո

2015-01-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում մեկնարկեց երկար սպասված երաժշտության ծրագրավորում դասընթացը Հարվարդի համալսարանի ուսանողների հետ: Անտուան Թրան, Էվան Յաոն և Անդրյու Շիլերը Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներ են, ովքեր որոշեցին անցկացնել իրենց երկու շաբաթյա արձակուրդը Թումոյում ծրագրավորում դասավանդելով:

 

Հարվարդի մի հայ ուսանող տղաներին պատմել է Թումոյի մասին, ինչից ոգեշնչվելով նրանք որոշեցին այստեղ դասընթաց անցկացնել: Ուսումնասիրելով կենտրոնի ուսումնական ծրագիրը նրանք առաջարկեցին երկու դասընթաց՝ համատեղելով երաժշտությունն ու ծրագրավորումը սկսնակ և առաջադեմ մակարդակներում:


Հարվարդում առաջին տարվա ընթացքում Անտուանի կողմից ստեղծված երաժշտական հարմոնիայի ծրագրի հիման վրա տղաները ներկայացրեցին նախագիծ՝ դրա մեջ ներգրավելով երաժշտություն, քանի որ հավատում են, որ երաժշտությունը մի բան է, որը հոգեհարազատ է բոլորին:

 

Անտուանը նշեց, որ նրանք զարմացած էին պատանիների գիտելիքների բարձ մակարդակով՝ «Մենք նույնիսկ մի փոքր բարդացրել ենք սկզբնական ծրագիրը՝ մասնակիցների գիտելիքներին համապատասխանեցնելու համար»:

 

Անտուան Թրան, Էվան Յաոն և Անդրյու Շիլերը ծրագրավորման, ճարտարագիտության և մաթեմատիկայի բաժնի ուսանողներ են Հարվարդի համալսարանում: Նրանք ունեն հարուստ փորձ երաժշտության և ծրագրավորման ասպարեզներում: Նրանք ցանկանում են կիսել իրենց փորձառությունը և քաջալերել պատանիներին շարունակել զբաղվել ծրագրավորմամբ դասընթացից հետո: