Անիմացիայի ստեղծում ավանդական և թվային գործիքներով

2015-03-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գույնի գիտակ և «Վենտուրա եղբայրները» անիմացիոն հեռուստասերիալի նկարչական ղեկավար Լիզ Արթինյանը մարտի 30-ին վերադառնում է Թումո վարելու սկսնակ և միջին անիմացիոն դասընթացներ, որոնք շարունակությունն են Լիզի 2014թ ամռանը անցկացրած անիմացիայի արտադրության և դիզայնի դասընթացի:

 

Այս անգամ պատանիները կուսումնասիրեն՝ ինչպես օգտագործել ավանդական նկարչության հմտությունները Photoshop ծրագրի օգնությամբ՝ ստեղծելու պրոֆեսիոնալ հետնաշերտեր անիմացիայի ստեղծման համար: Մասնակիցները կկենտրոնանան թվային դիզայնի վրա՝ սկսելով ավանդական նկարչությամբ և գունային տեսությամբ: Պատանիները նաև կսովորեն օգտագործել Photoshop ծրագիրը ստեղծելու բնական լուսավորություն և ջրաներկի, յուղի, ակրիլի և գուաշի ճիշտ համադրություն: Հաջորդ քայլը կլինի սցենարի մշակումը և պատմատախտակի ստեղծումը՝ ստանալու համոզիչ անիմացիոն պատմություն:

 

Սկսնակ մակարդակի մասնակիցները կծանոթանան նկարչության հիմունքներին սկսած մարտի 30-ից, իսկ առաջադեմ դասընթացի պատանիները ավելի խորքային կուսումնասիրեն դիզայնը, գունային համադրությունները և կունենան հնարավորություն զարգացնելու իրենց սեփական ոճը, ապրիլի 13-ից: Դասընթացի ավարտին բոլոր ուսանողները կմշակեն իրենց սեփական կոնցեպտները, նկարչական աշխատանքները և ուրույն ոճերը: