Գայանե Երկանյան. փնտրելով անկանխատեսելի լուծումներ

2015-02-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գրաֆիկական դիզայներ Գայանե Երկանյանն արդեն երեք տարի է, ինչ Թումոյի հետ է: Այսօր նա կիսվում է փորձով, մտքերով և խոսում է Թումոյի հետ անբաժան լինելու մասին:

 

Մեծանալու և դիզայներ դառնալու մասին

 

Փոքր ժամանակ մտքովս չէր անցնում, որ նկարիչ կամ դիզայներ եմ, բայց հիմա հասկանում եմ, որ ամեն քայլս դրան էր տանում : Տաս տարեկանում, երբ ծնողներս գնում էին աշխատանքի ու տանը մենակ էի մնում, ինստալյացիաներ էի անում, ասենք՝ ամբողջ ճաշասենյակով թղթե սարդոստայններ էի տարածում: Այդ ժամանակ դեռ չգիտեի՝ ինստալյացիան ինչ է: Կարծում եմ, որ արարքներս ավելի գիտակցված դարձան, երբ քսան տարեկան էի ու սկսեցի հետաքրքրվել արվեստով:

 

Ոգեշնչման մասին

 

Տարբեր դիսցիպլինները միշտ իրար լրացնում են: Ես ոգեշնչվում եմ, ոչ թե այլ մարդկանց դիզայներական աշխատանքներից, այլ արվեստից, գրականությունից, երաժշտությունից, ճարտարապետությունից, իսկ այդ ամեն ինչից առավել՝ հետաքրքիր մարդկանցից: Էն մարդկանցից, ում կյանքում ամենակարևորը գաղափարներն են:

 

full taki 16 02 2015

 

Արտահայտվելու մասին

 

Կա դիզայն, որ անում ես ուրիշի համար, կա դիզայն, որն անում ես քո համար՝ վերջինը կարելի է անվանել արվեստ: Վիդեո արտը, կալիգրաֆիան, դիզայնը ոչ թե որպես նախագիծ, այլ որպես գաղափար, ինձ համար մեծ արտահայտման ֆորմաներ են: Դիզայնի մեջ համագործակցությունը ինձ համար ամենահաջող ֆորման է, իսկ արվեստի մեջ՝ ես նախընտրում եմ մենակ լինել:

 

Հոլանդիայում սովորելու մասին

 

Ինձ թվում էր Utrecht-ի արվեստների դպրոցում սովորելը, դիզայնի, արվեստի աշխարհում հայտնվելն ինձ կսովորեցնի դիզայնի նոր տեխնիկաներ, իրականում ես իմացա այն, ինչը լրիվ անսպասելի էր ինձ համար: Ես սովորեցի գեներացնել գաղափարներ ու կարևորել դրանք: Ես սովորեցի տալ ոչ թե «ինչպես», այլ «ինչու» հարցը:

 

Լավ աշխատանքի բանաձևը

 

Թումոյում ես շրջապատված եմ տասնյակ մասնագիտություններով ու առօրյա շփումը նման հրաշալի մասնագետների, ստեղծագործ մարդկանց հետ ինձ տալիս է սեփական ոլորտը այլ անկյունով տեսնելու ու էլ ավելի մեծ ոգեվորությամբ աշխատելու մոտիվացիա: Տարբեր մասնագետներ միասին կարող են ստեղծել մեծ բաներ: Այս ճանապարհով կարծում եմ Հայաստանը մի օր կկարողանա ստեղծել իր յուրահատուկ դիզայնի ոճը, որը քարտեզի վրա իր տեղը կունենա, ինչպես Հոլանդական, Շվեյցարական կամ Սկանդինավյան դիզայնը:

 

Իր ու Թումոյի երկարաժամկետ հարաբերությունների մասին

 

Ես ուզում եմ իմ առօրյան անցկացնել այնտեղ, որտեղ կա արվեստ, մշակույթ և տարբեր մտահղացումներ, ու Թումոն նման միջավայրի լավագույն օրինակներից է: Թումոն ինձ հնարավորություն է տալիս ստեղծել նոր, ազատ մտքեր: Թումոն գաղափար է, որը ստեղծված է իր մեջ ավելի մեծ գաղափար ստեղծելու համար: Ու նույնիսկ մենք երբեմն չենք կարող իմանալ, թե ինչ մասշտաբի գաղափար կստեղծվի այստեղ: Այն պատանիներն, ովքեր այսօր գալով Թումո ունեն ճիշտ ռեսուրսներ, վաղը կարող են գեներացնել այնպիսի գաղափար, ստեղծել այնպիսի հասարակություն, որը մեզանից ոչ ոք չի կարող կանխազգալ: Ես սիրում եմ այն, որ այստեղ մենք ակնկալում ենք անկանխատեսելի լուծումներ: