Թումոյի Արմինեն մուտք է գործում Google Play

2015-03-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Google Play-ում այս ամիս ավելացված խաղերի ցանկով անցնելիս ուշադիր լինելու դեպքում կարող եք նկատել Թումո ուսանողների կողմից ստեղծված արդեն երկու խաղ: Առաջինը Polygon-ն էր, իսկ երկրորդ խաղն է Thy Tower Quest-ը:


Խաղը ստեղծվել է անցյալ տարի, երեք ընկերների՝ Տիգրան Գրիգորյանի, Լևոն Դեմուրչյանի և Արման Բարեկամյանի կողմից հիմնված Binary Quasar Studio-յում: Արմինե Հարությունյանը միացել է ստուդիային 2014-ի նոյեմբերին՝ ստեղծելու Thy Tower Quest-ը: Այն խաղ է մի վհուկի և իր խելագար աշտարակի մասին, որը անընդմեջ իրենից փախչում է, մինչդեռ վհուկը փորձում է այն կառուցել՝ խաղացողի օգնությամբ: Արմինեն, ով Թումոյի առաջին ուսանողներից է, խաղի նկարիչն է: Նա պատմում է անիմատորի համար «գեյմերների» հետ աշխատելու առավելությունների և թերությունների մասին: «Տղաները շատ են սիրում ֆանտաստիկա ոճը խաղերում, իսկ ես ավելի դասական մոտեցման կողմնակից եմ: Վերջիվերջո որոշեցինք միջնադարյան բրիտանական ոճը գործածել խաղի կերպարների, մակարդակների, ինչպես նաև լեզվի և երաժշտության մեջ»:

 

full article 2 30 03 2015


Արմինեն Թումոյում մասնակցել է անիմացիայի, կոմիքսների և նկարչության համարյա թե բոլոր դասընթացներին, եղել է «Գույնը» անիմացիայի թիմի անդամ և իր առաջին անիմացիան Թումոյում է ստեղծել: Արմինեն այժմ սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կերպարվեստի և անիմացիայի բաժնում: «Թատրոնի բեմանկարչի մասնագիտությունը թեև տարածված չէ, բայց շատ հետաքրքիր է: Համալսարանի ուսումս լրացնում է ընթերցանությունը և կերպարվեսը՝ այդ պատճառով էլ կարծում եմ, որ այն ինձ համար լավագույն տարբերակն է»:

 

Binary Quasar-ը այժմ զբաղվում է Thy Tower Quest-ի թարմացմամբ և արդեն սկսել է աշխատել մեկ այլ խաղի վրա: