«Նրանց երևակայության Հնդկաստանը»՝ իրականություն

2015-03-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Իմ Երևակայության Հնդկաստանը» մրցույթի հաղթողները վերադարձել են Հնդկաստանից՝ տպավորություններով և ոգևորվածությամբ լի մեկշաբաթյա ճանապարհորդությունից: Թումոյի անձնակազմի անդամ Շուշան Փարեմուզյանի ուղեկցությամբ ՝ Նանե Պետրոսյանը, Վիկտորիա Թորոսյանը, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը հնարավորություն ունեցան վայելելու Հնդկաստանի անկրկնելի յուրահատկությունը և ավելին սովորելու հնադարյա մշակույթի մասին, որն իրենց վրա անմոռանալի տպավորություն թողեց:

 

Ճանապարհորդությունը սկսվեց Հնդկաստանի մայրաքաղաք Դելիից, որտեղ աղջիկները այցելեցին Հնդկաստանի խորհրդանիշ համարվող Կարմիր բերդ և Հումայունի Գերեզման՝ երկրի առաջին այգեպատ գերեզմանատուն: Երկրորդ օրվա ծրագիրը շատ խիտ էր. խումբը ուղևորվեց դեպի Ագրա՝ կանգ առնելով Ֆաթեպուր Սիքրի պալատ-քաղաքում: Մուղալ ճարտապետության լավագույն օրինակներից մեկը համարվող հանրահայտ Թաջ Մահալում մրցույթի հաղթողները հնարավորություն ունեցան հանդիպելու տեղացիներին և անմիջապես ծանոթանալու նրանց մշակույթին: Այնուհետև՝ Կալակրիտի մշակութային և ավանդական կենտրոնում նրանք դիտեցին դամբարանի պատմությունը ներկայացնող երաժշտական և պարային գունեղ շոու, որը ավելի խորը գիտելիքներ տվեց հնդկական մշակույթի մասին: Ուղևորության հաջորդ վայրն էր Ռաջաստան նահանգի հրաշալի Ջայպուր քաղաքը, որը հայտնի է որպես վարդագույն քաղաք: Քաղաքի հիշարժան վայրերը այցելելուց և ռաջաստանյան խոհանոցը համտեսելուց բացի, մեր ճանապարհորդները փիղ և ուղտ նստեցին, ինչպես նաև փորձեցին ազգային զգեստները:

 

2nd full article 26 03 2015

 

Վերադառնալով Դելի՝ պատանիները լրացրեցին տեսարժան վայրերի ցանկը՝ այցելելով բահայական Լոտոս տաճարը, Քութաբ Մինարը, Ռաշտրապատի Բավան նախագահական տունը և Ակշարդամ Տաճարը՝ ճանապարհին զրուցելով լիովին անծանոթ մշակույթում հայտնվելու իրենց փորձի մասին: Նրանց զարմացրել էր այն, թե որքան շատ բան հասցրեցին տեսնել Հնդկաստանում համեմատած այն գիտելիքների հետ, որոնք ձեռք էին բերել տանը ուսումնասիրություններ անելու ընթացքում: Նրանք նաև ուշադրություն դարձրին այն փաստին, թե ինչպես է յուրաքանչյուր տարածաշրջանի ճարտարապետությունը անդրադարձել բնակիչների ավանդույթների վրա, և համեմատեցին այդ երևույթը Հայաստանի հետ:

 

«Իմ Երևակայության Հնդկաստանը» մրցույթը իրականացվել է Թումոյի կողմից ՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և ՀՀ Կրթության նախարարության նախաձեռնությամբ: