Ճեպանկարչություն՝ սկիզբից մինչև վերջ

2015-01-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Փետրվարի 9-ից դասընթացավար Անի Մանուկյանը կսկսի ճեպանկարչության դասընթացը, որը ի լրացումն է այժմ անցկացվող կոմիքսների դասընթացին:

 

Անին խանդավառված է և արդեն գիտի ինչպես են պատանիները նկարելու ճեպանկարներ: «Ես բացահայտեցի իմ սերը ճեպանկարչության հանդեպ, երբ 15 տարեկան էի և հերաքրքրված էի նորաձևությամբ: Այդ ժամանակ ես մտածում էի, որ իմ կյանքը լիարժեք չի լինի, եթե ես չնկարեմ և միայն նկարելով այն ամենն ինչ տեսնում և պատկերացնում եմ ես կարող եմ ինձ լիարժեք զգալ»: Անիի ուղղորդմամբ մասնակիցները կսովորեն՝ ինչպես ճեպանկարել առարկաներ տարբեր անկյուններից և կերպարներ, որոնք շարժվում են համաձայն տրված պատմությանը: «Մենք կօգտագործենք մատիտներ, ածուխ և պաստելներ: Կարծում եմ՝ ուսանողները կկողմնորոշվեն, թե որ նյութն է նրանց համար ավելի հարմարավետ և որ ոճերն են թույլ տալիս առավելագույնս բացահայտել իրենց ունակությունները,- ասաց Անին,- դա կարևոր հմտություն է, որն ուսանողները կարող են հետագայում օգտագործել Թումոյի այլ ուսումնական ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի մշակումը, գրաֆիկական դիզայնը և նույնիսկ ֆիլմերի ստեղծումը»:

 

Անին մագիստրոսի կոչում է ստացել որպես ճարտարապետ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Ճարտարապետության ոլորտում գիտական կոչում ստանալուց հետո նա որոշել է հետևել նկարչության հանդեպ իր հետաքրքրությանը՝ նաև զարգացնելով իր հմտությունները Գեղագիտության ազգային կենտրոնի Կերամիկայի բաժնում: Սկսած 2011 թվականից՝ Թումոյի բացումից, Անին Թումո թիմի անդամ է: