Զինվորը վերադառնում է Թումո ծառայությունից հետո

2015-01-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի օրն է և մենք մտքով Թումոյի բազմաթիվ շրջանավարտների հետ ենք, ովքեր այժմ ծառայում են հայկական բանակում: Աշոտ Ավետիսյանն էլ էր այդպիսի մի զինվոր, ով վերջերս ավարտեց իր ծառայությունը և վերադարձավ Թումո, որպես մեր աշխատակազմի նոր անդամ:

 

Աշոտը նկատեց անիմացիայի և նկարչության հանդեպ իր սերը 16 տարեկանում և սկսեց ուսումնասիրել դրանք Թումոյում: Նա Ատոմ Էգոյանի Ego Film Arts ընկերության անիմացիոն լոգոյի ստեղծման թիմի կարևոր մասնիկ էր: Աշոտը նաև մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությանը որպես կոնցեպտ նկարիչ:

 

18 տարեկանում Աշոտը զորակոչվել է ԼՂՀ-ի Մարտունի քաղաքի զորամաս: Թեև բանակում ծառայելը լավ փորձ էր իր համար, Աշոտի հետաքրքրությունն անիմացիայի նկատմամբ չէր պակասում: Բանակային ազատ ժամերին նա նկարում էր, և քանի որ միայն թուղթ ու մատիտ ուներ ձեռքի տակ, կատարելագործում էր իր գծագրական հմտությունները: «Բանակը ինձ շատ բաներ է սովորեցրել: Այն ինձ սովորեցրել է լինել վճռական և երբեք տեղի չտալ: Չնայած ծառայությունը սահմանափակում էր իմ նկարելու հնարավորությունները, ես ամեն կերպ զարգացնում էի կարողություններս և մտածում էի հետագա մասնագիտական քայլերիս մասին: Քանի որ ես շարունակ նկարում էի ազատ ժամերիս, իմ նկարչական հմտությունները շատ զարգացան: Ես վստահ էի, որ ուզում եմ գալ Թումո, երբ ավարտեմ ծառայությունս»:

 

Աշոտն ավարտեց իր զինվորական ծառայությունը 2014-ի վերջում և շուտով սկսեց աշխատել Թումոյում որպես դասավանդող օգնական: «Թումոյի դասընթացավարները ինձ օգնել են զարգացնել հմտություններս, երբ ուսանող էի, իսկ հիմա ես ուզում եմ նույն դերը խաղալ մնացած ուսանողների կյանքում»:

 

 

Օրինակ Աշոտի աշխատանքներից