Երեք քույր, երկու ոլորտ

2015-02-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Խաչատրյան քույրերը համարյա ամեն օր ընդմիջման ժամին հանդիպում են Թումոյի կաֆետերիայում: Շամիրամը (նկարում՝ ձախից) Թումոյի նկարչության դասընթացավար է, իսկ Լիլիթը (նկարում՝ աջից) Թումոյի վեցերորդ հարկում գտնվող Մենթոր գրաֆիկս կիսահաղորդչային ծրագրային ապահովման ընկերության որակի ապահովման բաժնի մասնագետ է: Նրանց կրտսեր քույրը՝ Հասմիկը նույնպես հաճախ է լինում շենքում՝ նա Թումո ուսանող է: Չնայած քույրերը տարբեր հետաքրքրություններ ունեն, երեքն էլ կապված են նույն մասնագիտության հետ: Շամիրամը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբերնետիկայի բաժինը՝ սովորելով չիպերի նախագծում, Լիլիթը սովորում է նույն բաժնի մագիստրատուրայի վերջին կուրսում, իսկ Հասմիկը այս տարի է պատրաստվում ընդունվել այդտեղ:

 

Շամիրամը նկարչությամբ զբաղվելու համար պարտական է քվանտային ֆիզիկային: «Կիսահաղորդչային ֆիզիկան համալսարանի ամենաբարդ առարկաներից մեկն էր, և դասի ընթացքում սթափ մնալու համար ես նստում էի դիմացը ու նկարում էի: Կիսամյակի վերջում ես մի քանի նոթատետր էի լցրել և վերհիշել էի տարիներ առաջ արվեստի դպրոցում ստացած հմտություններս, ինչից հետո ազատ ժամերին սկսեցի աշխատել որպես նկարիչ և կոմիքսներ ստեղծել»:

 

Shamiram1 1 copy

Շամիրամը նկարչության դասընթաց վարելիս 

 

Շամիրամը ասում է, որ այն փաստը, որ ինքը մանկուց չի գիտակցել իր սերը արվեստի նկատմամբ, ևս մեկ խթան է պատանիների հետ աշխատանքը ընտրելու համար: «Ես դասավանդում եմ նաև նրա համար, որ իմ ուսանողները վաղ տարիքում ձեռք բերեն այն գիտելիքները, որոնք ես ավելի ուշ եմ ստացել, և վաղ տարիքից կողմնորոշվեն իրենց մասնագիտության մեջ: Վերջերս մի կոմիքսների փառատոնի էի մասնակցում, որի մասնակիցների շարքում ուսանողներիցս մեկին տեսա: Դա ինձ շատ ուրախացրեց, նույնիսկ հպարտություն զգացի», մի փոքր ամաչելով ասում է Շամիրամը:

 

Լիլիթին շատ է դուր գալիս քույրերի հետ նույն շենքում աշխատելն ու սովորելը: «Հիմա, երբ Շամիրամի հետ նույն տանը չենք ապրում, այստեղ տեսնվելը մեզ համար շատ կարևոր է: Մենք նաև մասնագիտական առումով ենք իրար օգնում՝ հիմա մենք միասին աշխատում ենք Շամիրամի պորտֆոլիո-մոբայլ հավելվածի ստեղծման վրա»: Տասնվեց տարեկան Հասմիկը շատ է սիրում ֆիզիկան և մաթեմատիկան, բայց դրանցից բացի շատ այլ հոբբիներ ունի: Թումոյում իր անցած ոլորտներից նախընտրում է լուսանկարչությունը: Ըստ Հասմիկի՝ գիտության ոլորտում մասնագիտանալը չի կարող խոչընդոտ լինել նաև արվեստով զբաղվելուն, և նրան դժվար չէ համատեղել իր քույրերին հատուկ արվեստային և տեխնոլոգիական աշխարհները: