2015-02-25
Անցած շաբաթ օրը Լոս Անջելեսում անցկացվեց «Innovate Armenia» միջոցառումը, որը կազմակերպվել էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից և ուներ նպատակ մեկ հարթակում հավաքել լավագույն նորարար մտքերը և ունենալ քննարկումներով լի մի ամբողջ օր:
Միջոցառմանը ներկա տեխնոլոգիաների, երաժշտության և մեդիա ոլորտի ամենաճանաչված ներկայացուցիչները, կիսվեցին իրենց գաղափարներով, մտահղացումներով և ապագայի տեսլականով համալսարանի ներսում և դրսում համընթաց անցկացվող քննարկումների ընթացքում:
Միջոցառմանը ներկա էին թե՛ Հայաստանի, և թե՛ սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները, որոնց մասնակցությունը այս նախաձեռնությունը դարձրեց մի յուրահատուկ հարթակ, որտեղ խաչվեցին Հայաստանի ներկա ձեռքբերումները և այն հեռանկարային ներուժը, որը կարող է դառնալ իրականություն:
Խոսնակների թվում էին Թումոյի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, Ալեքս Սերոբյանը, Վահե Բերբերյանը, Դեպի Հայք, Impact Hub, PicsArt ընկերությունների ներկայացուցիչները և շատ այլ կազմակերպություններ:
Թումոն ևս ուրախ էր իր մասնակցությունն ունենալ միջոցառմանը: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց կենտրոնը, ուսումնական կառուցվածքը և փիլիսոփայությունը հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռելու ձեռք բերել 21-րդ դարին համահունչ հմտություններ: