Տեղացի սփյուռքահայը

2015-03-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կես տարի առաջ Թումոյի միջանցքներում նոր կերպար հայտնվեց: Ոմանք ասում էին, որ նա Game of Thrones-ի կերպարներից էր, ուրիշները նրա կաշվե բաճկոնի մեջ ժամանակակից Դրակուլային էին տեսնում: Շատ ժամանակ չանցավ, մինչև բոլորը իմացան նրան որպես 3D մոդելավորման մասնագետ Արշակ Մեսրոպյանի, ով իրական կյանքում ոչ մի ընդհանրություն չունի այդ տխրահռչակ գեղարվեստական կերպարների հետ:

 

Թեև Արշակը ծնվել և իր մանկությունն անց է կացրել Փասադենա քաղաքում, այստեղ նա իրեն տեղացի է համարում: Երբ նա 12 տարեկան էր, ծնողները որոշել էին երեք որդիների հետ տեղափոխվել Երևան: Այդ տարիքից Արշակը հաճախել է հայկական դպրոց, իսկ հիմա սովորում է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

 

Արշակի կապը Թումոյի հետ սկսվել է 2012-ին, երբ նա կամավոր օգնական էր Rhino 3D մոդելավորման դասընթացին, որի ժամանակ էլ առաջին անգամ ծանոթացել էր պարամետրիկ 3D մոդելավորման հետ: Դասընթացից հետո նա շարունակել է ավելի խորը ուսումնասիրել 3D մոդելավորումը, և 2014-ի փետրվարին վերադարձել է Թումո որպես կամավոր: Հիմա Արշակը Թումոյի անձնակազմի անդամ է: Նա Autodesk Maya 3D մոդելավորման դասընթացի ասիստենտ է:

 

Արշակը համարում է, որ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում գլխավորը հավասարակշռություն գտնելն է: Նրա համար լավագույն ճարտարապետական լուծումն այն է, որը ոչ թե բաժանում է քաղաքային և բնական միջավայրերը, այլ համադրում է՝ այդպիսով դրանց նոր կյանք տալով: