Ամեն ինչ սկսվեց «ինֆորմացիոն շոկից»

2015-03-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ալեքսանդր Հովհաննիսյանը Թումոյի ամենահիշվող շրջանավարտներից է: Երկու տարի Թումոյի ուսանող լինելու ընթացքում նա հասցրել է մասնակցել Թումոյի համարյա թե բոլոր դասընթացներին, շփվել և սովորել Թումոյի աշխատակից և հյուր մասնագետներից: Այժմ նա սովորում է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանում և աշխատում է Braind մարքեթինգային և դիզայներական ընկերությունում՝ որպես գրաֆիկական դիզայներ: Ալեքսը ասում է, որ եթե ժամանակին Թումո ընդունված չլիներ, հիմա ուրիշ մարդ կլիներ:

 

Երբ եկա Թումո գրանցվելու, 17 տարեկան դառնալուս մեկ շաբաթ էր մնացել: Եթե մի փոքր էլ ուշանայի ու չհասցնեի գրանցվել, հավանաբար հիմա չէի էլ աշխատի որպես դիզայներ, քանի որ գրաֆիկական դիզայնի հանդեպ սերս Թումոյում բացահայտեցի:

 

Առաջին դասընթացը, որին մասնակցեցի, Վազգեն Բրուտյանի «Արվեստի պատմությունը երեք օրում» դասախոսությունների շարքն էր: Այդ ժամանակ առաջին անգամ «ինֆորմացիոն շոկ» ստացա: Երեք օրում ես արվեստի մասին սովորեցի ավելին, քան երբևէ իմացել էի: Այդ դասընթացին հաջորդեց գրաֆիկ դիզայնի, կոլաժների ստեղծման, լուսանկարչության, անիմացիայի, խաղերի ստեղծման և բազմաթիվ այլ դասընթացների շարք: Այդ դասընթացներից ստացած գիտելիքները ինձ համար շատ ավելին էին, քան դպրոցում կամ համալսարանում սովորածս: Այստեղ գիտելիքների մեծ պաշարի հետ մեկտեղ ես ձեռք բերեցի ամենակարևորը՝ ճաշակի և գեղեցիկի զգացողություն:

 

2nd full article 02 03 2015

 

Թումոյում սովորելը ինձ համար համալսարանական կրթության հակապատկերն էր: Նույնիսկ հիմա դիզայնով զբաղվելը ինձ համար ժամանակ անցկացնելու ամենասիրելի ձևն է: Երբեմն ես վերցնում եմ համակարգիչս, գրասենյակից դուրս եմ գալիս և աշխատում եմ քաղաքի սրճարաններից որևէ մեկում: Braind-ում աշխատելու մեջ ամենաշատը դուրս գալիս է այն, որ մենք միայն դիզայնի վրա չենք կենտրոնանում՝ մենք զբաղվում ենք ամբողջ նախագծով՝ միաժամանակ աշխատելով բրենդինգի, մարքեթինգի և դիզայնի ուղղություններով: Ինձ դուր է գալիս մասնակցել այն ընթացքին, թե ինչպես է միտքը վերածվում ամբողջական արտադրանքի:

 

Այսօր դիզայնի մեջ ինձ ամենաշատը գերում է այն, որ դիզայնը միշտ փոփոխական է: Այն, ինչ այսօր կանոն է, վաղը կարող է անընդունելի լինել: Ես սիրում եմ մշտապես հետևել այդ ընթացքին և տեսնել դրա տրանսֆորմացիաները: Ես գնահատում եմ հինը, բայց սիրում եմ նորը: