Պրեմիերա՝ «Ինչպես ջուրը քարի վրա»

2015-04-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ամեն ինչ սկսվեց, երբ Շուշանիկ Դրոշակիրյանը, ով Թումոյում նախագծի ղեկավար է, TedxYerevan 2013-ին հանդիպեց «Ինչպես ջուրը քարի վրա» գրքի հեղինակին: Ծանոթանալով Դանա Ուալրաթի գրքի պատմությանը, Շուշանիկը ոգեշնչվեց դրա հիման վրա ստեղծելու անիմացիոն հոլովակ: Այդ հանդիպումից անցավ 2 տարի և ահա վաղը՝ ապրիլի 21-ին, Թումոյում տեղի կունենա «Ինչպես ջուրը քարի վրա» անիմացիոն հոլովակի պրեմիերան:

 

Նախագծի վրա աշխատող Թումո պատանիններից կազմված թիմը օգտագործել է 120-ից ավել գրիչներ և հազարավոր ժամեր՝ ստեղծելու մի հիանալի անիմացիոն հոլովակ: Թիմը, որը ղեկավարում է Շուշանիկը, որոշեց չհետևել ավանդական անիմացիոն ոճին և պատկերել Ուալրաթի մոգական ռեալիզմի ոճով պատմությունը միայն սև թանաքի միջոցով: Սա մի ոճ է, որի մշակման վրա անիմատորներից մեկը՝ Գոհար Դրոշակիրյանը, աշխատել է տարիներ շարունակ: Հենց այդ ոճով թիմը ներկայացրեց պատմության վառ տեսարանները: Պատանիները խոստովանում են, որ պանորամիկ տեսարաններն ամենադժվարն էին աշխատանքային ընթացքում: Շուշանը նշում է՝ «Երբ մենք կարողացանք ստանալ այն, ինչ անհնար էինք համարում, մենք էլ ավելի ոգեշնչվեցինք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Ժամանակային սահմանափակումը նույնպես ստիպեց ավելի արագ աշխատել»:

 

Այն հարցին, թե ինչու ընտրեցին հենց այդ պատմությունը, Լիլիթ Մինասյանը, ով աշխատել է Նեմրութի տեսարանի ստեղծման վրա, ասաց՝ «Մենք ցանկանում էինք ինչ-որ ձևով հիշատակել Հայոց Ցեղասպանությունը, սակայն չէինք ուզում շատ տառապանք լինի դրա մեջ: Եվ երբ ծանոթացանք մի ընտանիքի երեք անդամների գոյատևման և խիզախության պատմությանը, հասկացանք, որ սա իդեալական տարբերակ է մեր պատանի լսարանի համար»: Լիլիթը և Գոհարն անցյալում անիմացիայի ոլորտում փորձ չեն ունեցել, սակայն այժմ ոգեշնչված են և ցանկանում են շարունակել իրենց ապագա մասնագիտացումը հենց այդ ոլորտում: «Նախագծի իրականացումը դյուրին չէր մեզ համար, սակայն մենք սովորում էինք յուրաքանչյուր փուլում: Մենք ոգևորված ենք մեր ջանքերի արդյունքով և հուսով ենք, լսարանն էլ կստանա այնքան հաճույք դիտումից, որքան որ մենք ենք ստացել անիմացիան ստեղծելուց», - նշեց Լիլիթը:

 

Ստեղծագործական թիմը նաև հնարավորություն ունեցավ աշխատելու Դանա Ուալրաթի հետ ձայնագրությունների ժամանակ, ավելի խորը ներթափանցելով հեղինակի ոգեշնչման և ներաշխարհի մեջ:

 

Եկե՛ք Թումո ապրիլի 21-ին ժամը 19:00 հոլովակի պրեմիերային և կտեսնեք նաև աշխատանքի ընթացքի մասին պատմող ավելի շատ կադրեր, ինչպես նաև անիմացիայի համար նկարված օրիգինալ աշխատանքների ցուցահանդեսը: