Ստեղծելով 3D կերպարներ

2015-02-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դասընթացավար Դավիթ Աշոտյանը Թումոյի թիմի նոր անդամներից է: Դավիթի կապը Թումոյի հետ սկսվեց այն ժամանակ, երբ նա մասնակցեց Ubisoft ընկերության գլխավոր կոնցեպտային արվեստագետ և ձևավորող Արման Ակոպյանի խաղերի կոնցեպտային արվեստի դասընթացին: Հիմա նա Թումոյի աշխատակազմի կարևոր մասնիկն է:

 

 


Դավիթը ոգեվորված է իր փորձով Թումոյի ուսանողների հետ կիսվելու գաղափարով: «Երբ նոր էի բացահայտել սերս 3D կերպարներ ստեղծելու նկատմամբ, ինձ առաջնորդող կամ օգնող մեկը չկար: Երբեմն ինձ շատ դժվար էր հմտություններս զարգացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ հայթայթել,- ասում է Դավիթը,- ահա թե ինչու որոշեցի օգտակար լինել խաղերի և կերպարների ստեղծմամբ հետաքրքրված երիտասարդների համար: Ես ուզում եմ ոգեվորել, աջակցել նրանց՝ իրենց երազանքներին հասնելու ճանապարհին»: Դավիթը դասավանդում է 3D մոդելավորում, տեքստուրաների ստեղծում և ռենդեր: «Հիմա նրանք մուլֆիլմերի կերպարներ են ստեղծում, իսկ դասընթացի հաջորդ մակարդակում նրանք կաճեն մինչև ռոբոտներ, հրեշներ և մարդկանց կերպարներ ստեղծելը»:

 

«Փոքր ժամանակ ես ոգեշնչվում էի վիդեո խաղերից և անիմացիոն ֆիլմերից: Իմ ուսանողները ոգեշնչման բազմաթիվ աղբյուրներ ունեն: Նրանք ինձ սովորեցրել են լինել ավելի ճկուն դասավանդման մեջ: Ես հուսով եմ, որ մի օր կարողություններովս կկիսվեմ հնարավորինս մեծ թվով պատանիների հետ և մասնակցություն ունենալ տարատեսակ համաշխարհային նախագծերի մեջ»: