Սովորել խաղալով

2015-04-09

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

CNN-ի «Ճանապարհին» հաղորդաշարն էր, որ Ջոն Գրալյանին ոգեշնչեց Հայաստան գալու և իր կրթական տեխնոլոգիաների փորձը կիսելու երիտասարդների հետ: Անդամագրվելով Թումոյի գործընկեր «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրին' Ջոնը եկավ Հայաստան և այժմ պատրաստվում է կրթական խաղերի դասընթաց տալ Թումոյում:

 

«Խաղերն ու կրթությունը նմանություն ունեն. երկուսն էլ նպատակ են դնում առջևդ և պետք է լուծումներ գտնես դրան հասնելու համար», - ասում է Ջոնը: Այս սկզբունքով առաջնորդվելով' նա Թումոյի ուսանողներին կծանոթացնի Java ծրագրավորման լեզվի հիմքերին և կսովորեցնի այդ լեզվով գրել համակարգչային, հեռախոսային և վեբ խաղեր: Այնուհետև, ստացված գիտելիքը կիրառելով, պատանիները կստեղծեն իրենց սեփական խաղը սիրելի դպրոցական առարկաների թեմայով: «Երեխաներից շատերը չեն սիրում ֆորմալ կրթությունը, ավելի շատ ուզում են խաղալ և զվարճանալ: Ինչու չհամատեղել այդ երկուսը, ապահովելով հիմնական գիտելիքների ստացումը խաղի միջոցով», - ասում է Ջոնը: 

 

Ջոնը ծննունդով Երևանից է, մեծացել է Լոս Անջելեսում: Նրա առաջին «սերը» քիմիական կենսաբանությունն էր, սակայն UC Berkeley համալսարանը այդ գիտության բակալավրի կոչումով ավարտելուց հետո նա կրկին սիրահարվեց՝ ուսուցանմանը, գիտության հանդեպ իր կիրքը ուսանողներին փոխանցելուն: Դա էլ վերածվեց մագիստրի կոչմանը Կրթական տեխնոլոգիաների ոլորտում, որը Ջոնի համար առաջին հերթին կրթական ռեսուրսների բարելավումն է: Այդպիսին է, օրինակ, իր ստեղծած open source նախագիծը, որի գլխավոր առարկան է մաթեմատիկական գործիքների ուսուցանումը: Ջոնը նաև խանդավառ հեծանվորդ է և մտադիր է ակտիվ ապրելակերպով «վարակել» ուսանողներին:

 

Ջոնը միշտ զգացել է կապը Հայաստանի հետ, սակայն երկարատև այցի հնարավորություն չէր ընձեռնվում: Այժմ նա ոգևորությամբ սպասում է ապրլի 20-ին՝ Թումոյում դասընթացի մեկնարկին: