Հին կահույքի նոր կյանքը

2015-04-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ի՞նչ կանեիք հին կամ վնասված կահույքի հետ: Դեն նետելը թերևս ամենատարածված պատասխանն է, սակայն Թումոյում առաջին հայացքից անպետք թվացող կահույքը ներկվեց, ծածկույթապատվեց և լիովին վերակարգվեց 16 Թումո պատանիների ջանքերի շնորհիվ:

 

Փետրվար ամսին ուսանողները հավաքեցին հին կահույք և, թիմերի բաժանվելով, աշխատեցին դրան նոր կյանք հաղորդելու վրա: Արդյունքում հնաոճ բազմոցը վերածվեց Կարմիր գլխարկի թեմատիկայով "հեքիաթաոճի"՝ սիրելի գիրքը վայելելու ամենահարմար կահույքի: Իսկ սովորական աթոռակն այժմ կարելի է օգտագործել թե՛ ամսագրեր տեղադրելու և թե՛ ուղղակի նստելու համար: Ծածկույթապատված «տատիկի» բազմոցն ու դրան սազող «թոռնիկի» աթոռը ոճային և հարմարավետ մթնոլորտ են ստեղծում:

 

2nd full article 02 04 2015

                                                                                                                                        

Սանդուղքը կծառայի միաժամանակ նստելու և ամսագրեր պահելու համար: Մի աթոռ ուշադրություն է գրավում նկարած դետալներով, սպիտակի և սևի համադրությամբ: Իսկ մեկ ուրիշը՝ սիրո պատմություն է ներկայացնում:

 

Դասընթացի ընթացքում պատանիները սովորեցին սկզբնական գաղափարը կոնցեպտի վերածել, իսկ կոնցեպտը՝ իրականության: Սովորական նյութերի օգնությամբ, ինչպիսիք են բուրդը, կպչուն ժապավենը և տոպրակները, պատանիները ստեղծեցին յուրահատուկ կահույք, որը ոչ միայն ներկայանալի է և բազմաֆունկցիոնալ, այլև արվեստի գործ է հանդիսանում:

 

Դասընթացի արդյունքում ստեղծված կահույքը Թումոյի ինստալյացիոն հատվածին ժամանցի՝ գիրք կարդալու և շփվելու կատարյալ վայրի տեսք է տվել:

 

Աշխատանքները տեսնելու ու ձեզ դուր եկած օրինակը ընտրելու համար այցելե՛ք մեր ֆեյսբուքյան էջ: