Ինչպես ծրագրավորումը փոխեց Անիի կյանքը

2015-01-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անի Հովհաննիսյանը՝ Թումոյի ամենաակտիվ ուսանողներից մեկը, ներկայումս խաղերի ստեղծման առաջադեմ դասընթացի միակ աղջիկն է և դրա հետ ոչ մի խնդիր չունի:

 

2011-ից սկսված Անին մասնակցել է խաղերի ստեղծման և ծրագրավորման հետ կապված բոլոր հնարավոր դասընթացներին և նախագծերին: «Երբ նոր էի Թումո եկել, ֆիլմերի ստեղծումն ու անիմացիան էի ընտրել որպես իմ հիմնական ուղղություններ: Պատկերացում չունեի, թե ծրագրավորումն ինչ է: Անիմացիայի ոլորտում մի քանի փորձ անելուց հետո որոշեցի գնալ առաջին «Սանձահարիր Թումոյի շատրվանը» դասընթացին և սիրահարվեցի ծրագրավորմանը», ասում է Անին: Հաջորդ քայլերը կանխատեսելի էին՝ խորը սուզում դեպի ծրագրավորման և խաղերի ստեղծման դասընթացների շարանը:

 

Այդ հիմնական ճանապարհը Անին լրացրեց մի շարք հատուկ նախագծերով, ինչպես՝ Արդուինո Ռոբոտիքս  և Երաժշտության Ծրագրավորում Հարվարդի տղաների հետ դասընթացները: Հիմա նա օգնում է մյուս ուսանողների զարգացնել իրենց հետաքրքրությունը և գիտելիքները ծրագրավորման և խաղերի ստեղծման ոլորտներում: «Երբ լսեցի կամավոր մարզիչ դառնալու հնարավորության մասին, մտածեցի՝ ամեն դեպքում Թումոյում լիքը ժամանակ եմ անցկացնում: Նաև լիքը գիտելիքներ եմ այստեղ ձեռք բերել: Ուրեմն՝ ինչու՞ օգտակար չլինեմ ուրիշ ուսանողների և աշխատակազմի համար»:

 

full taki 26 01 2015

 

Չնայած նա բավականին շատ ժամանակ է անցկացնում Թումոյում, Անին գլխավորապես իր դասերի վրա է կենտրոնացած: «Այս տարի դիմում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարան՝ շարունակելու համակարգչային ծրագրավորման ուսումնասիրություններս»: Նա նաև ժամանակ է գտնում պակաս տեխնիկական զբաղմունքի՝ գեղարվեստական գիմնաստիկայի համար: Անին արդեն 12 տարվա մարզիկ է և ներկայումս գիմնաստիկայի ազգային հավաքականում է: «Գիտեմ, որ սպորտի հետ կապս բավականին տարօրինակ է հնչում, բայց ինձ դուր է գալիս գիմնաստիկան: Այնտեղ իմ խմբում միայն աղջիկներ են, բայց ինձ տղաների հետ ընկերություն անելը ավելի հեշտ է, նրանք ավելի շատ են վիդեո խաղերով հետաքրքրվում, ինչպես և ես», ասում է Անին:

 

Անիի ամենակարևոր ձգտումն է դառնալ արհեստավարժ խաղերի ծրագրավորող: «Առաջին հերթին՝ ուզում եմ լավ ուսում ստանալ: Ռուսաստանում և Ճապոնիայում կան հրաշալի համալսարաններ, որտեղ կուզեի մի օր սովորել: Հայաստանում խաղերի ստեղծումը զարգացող ոլորտ է և իմ նպատակն է մի օր կարևոր դեր խաղալ այդ ասպարեզում»: