«Բոլորը ասում են՝ իբր լավ եմ նկարում»

2015-02-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի նախկին ուսանող, ներկայիս Թումոյին կից գործող «Yelling» անիմացիոն ստուդիայի անդամ Լևոն Բաղդասարյանը կիսվում է իր մտքերով, հույզերով և պլաններով:

 

Փոքր ժամանակ նկարչական դպրոց չեմ գնացել՝ ամենաբարդ նկարչական խնդիրը, որ դրվում էր իմ առջև՝ դպրոցական պաստառներ նկարելն էր: Իմ կարծիքով ես նկարում էի բոլոր երեխաների նման, բայց ծնողներս ինձ այնքան էին ներշնչել, որ հրաշալի նկարիչ եմ, որ ես էլ ժամանակի ընթացքում սկսեցի դրան հավատալ:

 

Հինգից ավել դպրոց եմ փոխել Ուզբեկիստանում, Հայաստանում ու Ռուսաստանում: Տարածք ու դպրոց փոխելը ինձ համար առանձնապես դժվար չէր, որովհետև ուր էլ գնայի ես իմ մտքերով էի, իմ երևակայության մեջ: Իսկական ընկերներ Հայաստան գալուց հետո ձեռք բերեցի: Ու ամենամտերիմ ընկերոջս շնորհիվ էլ սկսեցի նկարել: Դպրոցում միասին մի տետր էինք վերցրել, որը ամեն օր իրար էինք փոխանցում ու հերթով կոմիքսներ նկարում: Ինքը ինձանից լավ էր նկարում ու դա ինձ համար շարժառիթ էր ավելի լավը դառնալու:

 

Ես որոշել էի խաղերի ծրագրավորմամբ զբաղվել: Համացանցում նյութեր, վիդեոներ էի նայում ու պատահաբար մի վիդեո գտա, որտեղ մի տղա Flash ծրագրով անիմացիա էր սովորեցնում: Ինձ գերեց ծրագիրը, այդ տղայի ոճը, այն, թե ինչպես էր ինքը layer-ները իրար վրա դնում, ու հիշեցի, որ ես նկարել գիտեմ: Երբ իմացա, որ Թումոն բացվել է, մտածեցի, որ ծնողներս չեն գա հետս՝ ինձ ընդունելու, որովհետև մեր ընտանիքում բոլորը ինժեներներ, ֆիզիկոսներ ու տնտեսագետներ են ու կնախընտրեն, որ ես ճշգրիտ գիտություններով զբաղվեմ, ոչ թե արվեստով կամ տեխնոլոգիաներով: Բայց եկան, ընդունվեցի ու սկսեցի վարժանքներ անել: Ընկերներ չունեի, գալիս մենակ նստում վարժանք էի անում մինչև մի օր գնացի պլանշետների սենյակ, որպեսզի Pencil ծրագրի վարժանք անեմ: Նկարելու ընթացքում համակարգչի արտացոլման մեջ տեսա, որ մեջքիս հետևում մի քանի մարզիչ նկարիս են նայում: Դուրս գալուց մարզիչներից մեկը մոտեցավ, ասաց որ շատ լավ եմ նկարում, իր մեյլը տվեց ու ասաց, որ նկարներս ուղարկեմ իրեն:

 

Մի քանի օր հետո մամայիս զանգեցին Թումոյից ու ասացին, որ երաժշտական հոլովակ է նկարահանվելու ու ինձ կանչում են մասնակցելու: Մտածեցի, թե հոլովակի բազմամարդ տեսարանների մեջ պիտի նկարահանվեի, բայց լրիվ ուրիշ բան դուրս եկավ: Մեզ երգի անուն տվեցին ու ասացին, որ մեր մտքերը, ասոցիացիաները նկարենք: Հետո իմացանք, որ դա Սերժ Թանկյանի «Uneducated Democracy» երգի հոլովակն էր: Այդ նախագծից իմ համար սկսվեց նոր Թումոյի շրջանը, երբ ես գտա հասակակիցների, ովքեր նույն հետաքրքրություններն ու մտածելակերպը ունեին, ինչ ես: Ամեն օր մեծ հետաքրքրությամբ գալիս ու նկարում էինք: Ինձ գովում էին ու ես սկսեցի հավատալ, որ ես իսկապես լավ եմ նկարում ու վերջնականապես որոշեցի անիմացիայով զբաղվել: Ավելի ուշ ես միացա «Գույնը» անիմացիայի նախագծին, որտեղ առաջին անգամ դուրս եկա իմ սովորական ոճից և նկարեցի «Գույն»-ի բազմերանգ, կոկիկ, նուրբ ձևով: «Գույն»-ի խմբում ես ծանոթացա Գրիշայի, Արևի և Զառայի հետ, ում հետ մենք շուտ ընկերացանք և «Twisted Christmas» խաղի ստեղծման նախագծին մասնակցելուց հետո որոշեցինք միասին անիմացիոն ստուդիա բացել: Թումոն մեզ տարածք և սարքավորումներ է տվել, և հիմա մենք աշխատում ենք մեր առաջին նախագծի վրա, որն է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հոլովակների ստեղծումը:

 

full article 2 02 02 2015

Դրվագ «Yelling» անիմացիոն ստուդիայի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ներկայիս ընթացիկ նախագծից:

 

Գիտեմ, որ գուցե հավակնոտ է հնչում, բայց այսօր իմ առաջին նպատակն է, որ մեր ստուդիան դառնա աշխարհահռչակ, իսկ երկրորդը, որ ես լինեմ աշխարհահռչակ անիմատոր: Փորձում եմ ամենաշատը ինձանից պահանջել, որովհետև ոչ մի ասպարեզում միջինը բանի պետք չէ: