Պատանիները ընտրում են ապագան

2015-04-08

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում կարելի է հանդիպել ամենատարբեր երիտասարդների. նրանք ունեն տարբեր հետաքրքրություններ, լսում են տարբեր երաժշտություն, դիտում են տարբեր ֆիլմեր, և նույնիսկ ամեն մեկի ուսումնական պլանն է յուրահատուկ: Կենտրոնում ուսանողների մասնագիտական ընտրությունը տարատեսակ է, հնարավորությունները՝ անսահման, և այդ բազմազանությունը խթանում է պատանիների աշխարհայացքի և մասնագիտական պատկերացումների լայնացումը:

 

Վերջերս Թումոն ուսանողների ապագա պլանների բազմազանության ավելի ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մոտ 3,000 ուսանողների հարցում անցկացրեց: Արդյունքները ցույց տվեցին, որ ՏՏ դարաշրջանի երիտասարդների համար առավել հետաքրքրական մասնագիտացումները հենց այդ ոլորտում են: Թումոյի նորեկ ուսանողների 25%-ը նախընտրել է ՏՏ կամ ճարտարագիտական ոլորտները: ՏՏ-ին զիջում են տնտեսագիտությունը, արվեստը, բժշկությունն ու իրավագիտությունը, իսկ ճարտարապետությունն ու քաղաքագիտությունը ամենացածր տեղերն են գրավում: Սակայն այն ուսանողների շրջանում, ովքեր Թումո են այցելում երկու և ավելի տարի, ՏՏ կամ ճարտարագիտություն ընտրողների թիվը հասնում է 40%-ի:

 

Ի դեպ, ՏՏ, ճարտարագիտության և արվեստի ոլորտները ընտրած ուսանողների 60%-ը նշում է, որ Թումոյում սովորելն ու այդ ոլորտները ուսումնասիրելը զգալիորեն ազդել է իրենց մասնագիտական կողմնորոշման վրա:

 

Ուսանողների միայն մեկ երրորդն է իր մասնագիտական աճը առաջին հերթին Հայաստանում պատկերացնում, մինչդեռ նորեկների գրեթե կեսը այդ հեռանկարը տեսնում է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Թեև ապրելակերպի առումով ուսանողների մեծամասնությունը ընտրում է Հայաստանը, որպես երկիր, որտեղ նրանք կցանկանային ապրել, գտնվելով ընտանիքի և ընկերների կողքին:

 

Ոգևորում է այն փաստը, որ ապագայում ուսանողների մեծամասնությունը (ավելի քան 36%) պատրաստվում է ստեղծել սեփական կազմակերպություններ: Նման մոտեցում ունեցողների շարքում աղջիկների տոկոսը տպավորիչ է՝ ավելի քան 38%: Եվ առավել ոգեշնչող է այն, որ աղջիկների 16%-ը և տղաների 13%-ը իրենց ապագա մասնագիտական գործունեությունը տեսնում են կրթական ոլորտում: