dHunt՝ ձայնային առաքումը ձեռքի տակ

2015-04-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեկ ամսվա ընթացքում ձեր ձեռքի տակ՝ ուղիղ և փոխաբերական իմաստով կլինի առաքման նոր բջջային հավելվածը: Թումոյի աշակերտներ Հայկ Ադամյանը, Անահիտ Թալասյանը և Մարտին Հովհաննիսյանն արդեն 12 շաբաթ է աշխատում են այդ նորագույն հավելվածի ստեղծման ուղղությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած աքսելերացիոն ծրագրի շրջանակներում: dHunt հավելվածը Երևանի սմարթֆոն օգտատերերին հնարավորություն կտա ձայնային ծառայության միջոցով գնումներ կատարել և պատվիրել դրանց առաքումը:

 

Հայկը, Անահիտը և Մարտինը որոշեցին համագործակցել Թումոյի iOS-ի հավելվածների ստեղծման դասընթացին մասնակցելուց հետո: Սթարթափ ստեղծելու գաղափարը ծնվեց, երբ թիմը 2014-ի նոյեմբերին մասնակցեց Գյումրիում անցկացվող Հեքըթոն [YAN]  նախագծին: Չնայած այդ անգամ նրանք չհաղթեցին, սակայն հստակ որոշեցին գրել մի հավելված, որը հեղափոխություն կանի առցանց առաքման ոլորտում: Հայկն ասում է՝ «Մենք հասկացանք, որ պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն գաղափարը իրականություն դարձնելու համար, դրա համար էլ մասնակցեցինք Հեքըթոն ուլտրալայթ նախագծին, որն անցկացվում էր Թումոյում մարտի 29-ին: Դա արտակարգ հնարավորություն էր, քանի որ մենք ծանոթացանք այնպիսի մարդկանց հետ, ովքեր արդեն ունեին փորձ ստարտափների ոլորտում:» Անահիտն ավելացրեց՝ «Աշխատանքի ընթացքը շատ ոգեշնչող էր, քանի որ լինում էին պահեր, երբ մենք մտածում էինք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի, սակայն հանդիպելով մարդկանց, ովքեր մեզ քաջալերում էին, կրկին հավատում էինք մեր ուժերին և շարունակում:»

 

12 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագիրն արդեն ավարտված է, և թիմն այժմ պետք է ներկայացնի հավելվածը ծրագրի Դեմո օրվա ընթացքում, որը կանցկացվի այս կիրակի Թումոյում:

 

dHunt, հաջողությո՛ւն ենք մաղթում ձեզ: