Թումոյի շրջանավարտ քույրեր Սեդան և Տաթևը

2015-01-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայրապետյան Սեդան և Տաթևը փոքր ժամանակվանից ամեն ինչ միասին են անում: Միասին նույն դասարանում են սովորել, գնացել երաժշտական դպրոց, Երևանի կոնսերվատորիա և միասին 2011-ի սեպտեմբերից՝ հենց Թումոյի բացման ամսից եկել են Թումո:

 

«Լսել էինք, որ տեխնոլոգիաների հետ կապված արտադպրոցական ծրագիր է: Բացի այդ, մենք Թումոյի մոտ ենք ապրում, տեսնում էինք՝ շենքը ոնց է կառուցվում, վերջնական տեսքի գալիս ու բոլորիս հետաքրքիր էր՝ բացումից հետո ինչ է լինելու» ասում է Սեդան: 16 տարեկան էին և համարյա ոչինչ չգիտեին էլեկտրոնային երաժշտության մասին: Տաթևը խոստովանում է՝ «Մինչև Թումոն միայն ակադեմիական երաժշտությամբ էինք զբաղվում նվագում էինք: Չէինք էլ պատկերացնում, որ ինքներս կարող ենք երաժշտություն գրել: Իսկ հիմա մենք մեծ հետաքրքրությամբ օգտվում ենք տարբեր ծրագրերից  երաժշտություն գրելու համար»:

 

«Առաջին նախագիծը, որին մասնակցեցինք թվային երաժշտության դասընթաց էր, որում Garage Band ծրագրով նվագում էինք iPad-երի վրա: Մի շարք դասընթացների մասնակցելուց հետո մարզիչ Նարեկը մեզ առաջարկեց ֆիլմերի ստեղծման դասընթացի տասնհինգ ֆիլմերի համար երաժշտություն գրել:
Վախենում էինք, որ չենք կարող ինքնուրույն երաժշտություն գրել, բայց ստացվեց: Ստացվեց ու մեր հետաքրքրությունը ավելի խորացավ: Դրանից հետո մենք երաժշտություն գրեցինք Թումոյի Twisted Christmas վիդեո խաղի և «Գույնը» անիմացիոն կարճ ֆիլմի համար»:

 

Քույրերը հատկապես հետաքրքրված են ֆիլմերի և խաղերի երաժշտություն գրելով: Նրանք ներկայումս համագործակցում են Թումոյի շենքում աշխատող Frismos ընկերության հետ՝ նրանց մոբայլ խաղերի երաժշտական դիզայնով են զբաղվում: «Մեզ համար և՛ կոմպոզիտորական աշխատանքը, և՛ ակադեմիական կատարումը շատ կարևոր են: Պլաններ ունենք հետագայում է՛լ ավելի շատ և հետաքրքիր նախագծերի մասնակցել և մշտապես կապի մեջ մնալ Թումոյի հետ»: