Էգոյանը հանդիպեց Թումո պատանիների հետ

2013-07-08

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Միջազգային ֆիլմարվեստի  անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ավելի քան երկու ժամ անցկացրին Թումոյի սաների հետ՝ քննարկելով պատանիների պատրաստած 14 կարճ անիմացիաները Ego Film Arts ընկերության համար։

 

«Այն, ինչ ես տեսա, իմ սպասելիքներից վեր էր», - կիսեց իր կարծիքն Էգոյանը 14 վայրկան տևողությամբ անիմացիաների մասին. «Արցունքներն աչքերիս՝ ես նայում էի մեկը մյուսին չնմանվող այս աշխատանքներին»։

 

Երեք ամիս շարունակ Թումոյի 22 պատանի  կերտում էր ինքնատիպ պատկերավոր անիմացիաներ՝ որպես «Ego Film Arts»-ի տարբերանշան։ Նրանց ստեղծարար աշխատանքն ուղորդում էին անիմացիայի ոլորտի մասնագետ Էդվարդ Արթինյանը Skype-ի միջոցով եւ Թումո աշխատակից Մարիամ Պողոսյանը, ինչի արդյուքնում պատանիները ստեղծեցին և մշակեցին եզակի անիմացիաներ, որոնք հնարավորինս արտացոլում են Էգոյանի ոգին և իր կերտած ստեղծարար աշխարհը։

 

Էգոյանն իր գնահատականն էր տալիս յուրաքանչյուր աշխատանքին, որն իրենից ներկայացնում էր էգոյանական հայտնի ակնոցներն արտացոլող անիմացիա, ձեռքով նկարած 360 շարժական կադր և տարբեր վերացական ձեւակերպումներով արտահայտված տարբերանշան։  Իսկ հանդիպման ավարտին Էգոյանն ընտրեց Թումո պատանիներ Խորեն Մաթևոսյանի, Հակոբ Մուրադյանի եւ Ռոբերտ Ոսկանյանի «Ձեռքեր» խորհրդանշական անիմացիան, որը նա մտադրված է օգտագործել իր առաջիկա ծրագրերի ընթացքում։

 

Սա Էգոյանի առաջին այցն էր Թումո կենտրոն։ Նա մեծ ոգևորությամբ կիսում էր պատանիների հետ իր  հարուստ փորձը որպես կինոռեժիսոր և խանդավառությամբ խոսում Թումոյի հեռանկարային պոտենցիալի մասին։