Մեծ Բազարի 1/8-րդ մասը Թումոյում

2015-02-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Թմբա-Թա նվագախմբի անդամները հյուրընկալեցին «կոլեկտիվ Մեծ Բազար» խմբի ակորդեոնահար և մեներգչուհի Սևանա Չակերյանին: Հանդիպումը, որը սկզբից կարճ այցելություն էր, վերածվեց երաժշտական դասընթացի:

 

Կոլեկտիվ Մեծ Բազարը հայտնի դարձավ 2014-ին, երբ խումբը ունեցավ բազմաթիվ համերգներ Հայաստանում՝ նվագելով տարբեր միջոցառումների և փառատոնների ընթացքում: Նրանք հաստատեցին իրենց դերը Հայաստանի երաժշտական ոլորտում իրենց հայկական, Եվրոպական և միջին ասիական մեղեդիների համադրություններով , ինչպես նաև ակորդեոնի, կլառնետի և ջութակի նվագակցությամբ: Ավանդական երգացանկը լրացվում է խմբի լայնածավալ ստեղծագործություններով, որոնք ծնվում են խմբի անդամների հայկական, անատոլիական և ամերիկյան ծագումից:

 

2014-ի ավարտին Կոլեկտիվ Մեծ Բազարը հրավիրվեց «Ծովից-ծով» առաջին միջազգային երաժշտական փառատոնին, որը Մոսկվայում համախմբեց ամբողջ աշխարհից ժամանած հայ երաժիշտների: Խումբը նաև ելույթ կունենա Innovate Armenia միջոցառմանը Լոս Անջելեսում, որին նաև մասնակցում է Թումոն:

 

Սևանան հույս ունի, որ սա իր վերջին այցելությունը չէր և մարտ ամսին Թումոյում նա կվարի դասընթաց՝ ազգային երաժշտության միջոցով մշակութային զանազանության հետ առնչվելու մասին: