Թումոյի նոր ուսանողները

2015-02-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մարտ ամսից սկսված Հայաստանի սահմանամերձ գյուղերի պատանիները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու Թումոյի ուսումնական ծրագրին:

 

Beeline-ի և «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության նախաձեռնության շնորհիվ 6 ամիս շարունակ Տավուշի մարզի 12 գյուղերի պատանիներ կայցելեն Թումո Դիլիջան:

 

Այսօր Թումոյում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին ներկա էին Beeline ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինը, «Հայրենիքի դարպասներ» կազմակերպության ներկայացուցիչ Արման Հայրապետյանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: Երեք կողմերն էլ շեշտեցին նման նախաձեռնության իրականացման կարևորությունը, իսկ Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը նշեց, որ Թումոն կարևորում է այն կազմակերպությունների դերը, ովքեր դյուրացնում են պատանիների մասնակցությունը Թումոյի ուսումնական ծրագրին:

 

Թումո Դիլիջանը գործում է 2013թ-ից և այժմ ունի ավելի քան 250 ուսանող: Թումոյի ուսումնական ծրագրի մասնակից շուտով կարող են դառնալ նաև Գյումրիի և Ստեփանակերտի պատանիները: