Գրոնենբերգ–Երևան–Գրոնենբերգ

2015-02-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3D մոդելավորող Սիփան Ստեփանյանը խոսում է Երևանյան հայերեն, գրում է հոլանդերեն և մտածում է տեսախաղերի լեզվով:

 

«Երբ տասը տարեկան էի, տեղափոխվեցինք Հոլանդիա և այդ ժամանակվանից ի վեր, մինչև վերջերս ես լիովին հոլանդացի էի: Վեց ամիս առաջ, երբ պիտի պրակտիկայի վայր ընտրեի, Հայաստանում ապրող մորաքույրս պատմեց Թումոյի մասին: Ես համացանցում կարդացի Թումոյի մասին, և որոշեցի դիմել՝ կամավոր լինելու համար: Շուտով արդեն Երևանում էի, որը լիովին տարբերվում էր այն քաղաքից, որը 15 տարի առաջ լքել էի»:

 

Չնայած իր երիտասարդ տարիքին, Սիփանին շատ է դուր գալիս պատանիների հետ իր գիտելիքներով կիսվել և դրա միջոցով էլ ավելի շատ սովորել: «Այստեղ սկսեցի սովորել CryEngine խաղերի ստեղծման ծրագիրը և Դիլիջանի Թումոյում դրա մասին դասընթաց վարեցի: Թումոյում ինձ շատ է դուր գալիս դասավանդելու ինտերակտիվությունը: Այդ ընթացքը ինձ համար ոչ թե ինֆորմացիայի տրամադրում է, այլ փոխանակում»:

 

Սիփանը վերջերս է ընտրել իր մասնագիտությունը, բայց կարծում է, որ դա պատահական ընտրություն չէր: «Երբ մանկուց խաղում ես բոլոր վերջին խաղերը՝ դրանց նման մեկը ստեղծելու ցանկությունը անխուսափելի է: Հիմա ես կարծում եմ, որ մեր ժամանակներում կարելի է մեկից ավելի մասնագիտացումներ ունենալ, դա նույնիսկ խրախուսվում է: Ինձ համար շատ կարևոր է միշտ շարժման, զարգացման մեջ լինել: Դրա համար ես դժվարանում եմ քարացած պլաններ կազմել՝ և՛ մոտակա, և՛ հեռու»:

 

Այս շաբաթ Սիփանը վերադառնում է Հոլանդիա իր ուսումը շարունակելու և հուսով է, որ մի օր նորից կհայտնվի Հայաստանում՝ կիսվելու ավելի մեծ փորձով: