2015-04-13
Շաբաթ օրվա երեկոն Թումոյում աշխույժ էր. ուսանողների ծնողները,
հարազատներն ու ընկերները եկել էին Թմբաթա նվագախմբի «Պստիկ պապա» երգի հոլովակի շնորհանդեսին: Հոլովակը նկարահանվել է մրցանակակիր կինեմատոգրաֆ Մկրտիչ «Մկո» Մալխասյանի կողմից Թումոյում վարած երկշաբաթյա դասընթացի արդյունքում:
Դասընթացը սկսել էր Թմբաթա նվագախմբի մասնակիցների և նրանց ղեկավար Արիկ Գրիգորյանի հետ հանդիպումից, հոլովակի կառուցվածքի և երգի էներգիան և ասելիքը հանդիսատեսին փոխանցելու միջոցների քննարկումից: Դրան հաջորդեցին նախարտադրական, արտադրական և հետարտադրական փուլերը:
Թումոյում շրջում էին հոլովակի տարօրինակ հերոսների դիմահարդարմամբ ուսանողները, տարբեր հարկերում նկարահանումներ էին անցկացվում, նյութերը մոնտաժվում էին, և այդ ամենը ամբողջովին պատանիների ուժերով՝ Մկոյի գլխավորությամբ:
Ավարտական արդյունքների ներկայացումը սկսվեց Թմբաթայի ելույթով, որին հաջորդեց հոլովակի պրեմիերան, ծափահարություններն էլ՝ հաջորդիվ: Դասընթացի ղեկավարը նշեց, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է ահռելի աշխատանք և դա իրականություն է դարձել միմիայն համախմբված և մոտիվացված թիմի աշխատանքի շնորհիվ:
Դիտեք մի փոքր հատված, իսկ ամբողջ հոլովակը՝ շուտով:.