Ոսկե Ծիրանի ամփոփումը Թումոյում

2014-07-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ոսկե Ծիրանի միջոցառումների շարքը մոտենում է ավարտին: Թումոյում Ոսկե Ծիրանի զրույցների վերջին հյուրը ավստրիացի կինոօպերատոր, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստիան Բերգերն էր, ով զրույց և դասընթաց անցկացրեց երիտասարդ օպերատորների համար: Դասընթացի հիմնական նպատակն էր օպերատորներին լույսը տեսնելու նոր ձևեր ցույց տալ:

 

Բերգերը պատմեց, որ երազել է ֆիլմեր ստեղծել 16 տարեկանից: Արդեն հասուն տարիքում նա որոշեց թողնել կինեմատոգրաֆիան, քանի որ երբեք գոհ չէր իր աշխատանքի արդյունքներից՝ լույսի պատճառով: Այդ ժամանակ, թողնելու փոխարեն, նա որոշեց ստեղծել իր սեփական լուսային համակարգը: Բերգերը խոսեց իր հայտնագործության մասին, որն էր Cine Reflect լուսային համակարգը՝ էներգախնայող գործիքների փաթեթ, որոնք ստեղծված են առկա լույսի աղբյուրների շրջանակը լայնացնելու համար: Այս համակարգը նա օգտագործել է իր համարյա թե բոլոր նախագծերում՝ սկսած 2001-ից: Լույսի փիլիսոփայությունը դարձել է Քրիստիան Բերգերի կինեմատոգրաֆիայի հիմքը:

 

Բերգերը Կինեմատոգրաֆների Ամերիկյան Հասարակության պատմության առաջին կինոօպերատորն է, ով մրցանակ է ստացել ոչ անգլալեզու ֆիլմի համար: Նա Ինսբրուքի Bartenbach լույսի ակադեմիայի հիմնադիր անդամներից է, ինչպես նաև Շարժական պատկերների և գիտությունների ակադեմիայի անդամ: