Ժամանակի մեջ մեր պահի 100 արտացոլումները

2015-04-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ապրիլի 17-ին, ժամը 19:00 Թումոյի ինստալյացիոն հատվածում կբացվի «Մեր պահը ժամանակի մեջ» լայնածավալ ցուցահանդեսը: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նախագիծը բաղկացած է 100 աշխատանքից, որոնցից ամենամեծերը՝ խորհրդանշական 24-ը կծածկեն ինստալյացիոն տարածքի պատը:


Ցուցահանդեսի հեղինակներն են մի խումբ նախկին ուսանողներ, ովքեր միավորվել են Թումոյում անցկացված արտադրական դիզայնի նախագծի ընթացքում՝ ճարտարապետ և Թումոյի դասընթացավար Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ:


Նախագծի ղեկավարը նշում է ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունները. «Սա մեր առաջին ոչ թվային ինստալյացիան է, որը յուրօրինակ է իր մասշտաբով և ֆորմատով: Մենք օգտագործել ենք հայկական մշակույթի բազմազան մասնիկներ՝ սկսած ավանդական զարդանախշերից մինչև Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրությունները: Դրանք մշակել ենք և՛ թվային ձևով, և՛ ձեռքով՝ արդյունքում ստանալով նոր տեսողական լեզու»:

 

full article 2 06 04 2015


Խմբի անդամ Նարե Գևորգյանին ոգևորել է նման մեծածավալ աշխատանքի բոլոր փուլերին մասնակից լինելը. «Արտադրական դիզայնի նախագծի սկզբում մենք ամբողջ Հայաստանով հավաքել ենք ավանդական զարդանախշեր, որից հետո կոլաժներ ենք ստեղծել, տպագրել և ի վերջո ձեռքով մշակել դրանք»: Այդքան տարբեր մեթոդների և ժամանակաշրջանների պատկանող նյութերի համադրումը մեկ էքսպոզիցիայում ստեղծել է ինքնատիպ, ուշադրություն գրավող արդյունք, որը դիտողի աչքին միաժամանակ հարազատ և անսովոր է թվում:

 

Երիտասարդների հետ աշխատանքի ընթացքը դրական եզրահանգնման է բերել նրանց ղեկավարին. «Ուսանողների երևակայությունն ու տաղանդը տեսնելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը հնարավորություն ունի համաշխարհային դիզայնի ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնելու», կիսվում է Բրուտյանը:

 

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 15-ը: Մուտքը բաց կլինի հանրության համար: