Հրաշալի ուղեղը՝ Վարաժդինում

2015-04-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինը Թումո ուսանողներից և երկու աշխատակիցներից կազմված խումբը օրերս վերադարձավ Խորվաթիայի Վարաժդին քաղաքից, ուր մեկնել էր VAFI անիմացիոն փառատոնում ուսանողների ստեղծած "Հրաշալի ուղեղ" անիմացիան ներկայացնելու: Խումբը եկավ հաղթանակած. ապրիլի 23-ից 26-ը անցնող փառատոնում անիմացիան գրավեց երկրորդ տեղը MAXI կատեգորիայում:


Վարաժդինում լինելու ընթացքում Թումոցիները օգտագործել են իրենց նկարչական կարողությունները զարգացնելու յուրաքանչյուր հնարավորություն՝ նկարելով իրենց շրջապատող մարդկանց և մթնոլորտը: Մասնակիցների​ սիրելի վայրերն էին Վարաժդինի բարոկկո ոճով Հին Պալատը և քաղաքի կենտրոնական հրապարակը:

 

2nd full article 29 04 2015


Կենտրոնական հրապարակում ժամանակ անցկացնելիս անիմատորները նույնիսկ նկարչական ֆլեշ մոբ են իրականացրել. նրանք գրավել էին հրապարակը և սկսել նկարել այն ամենը, ինչ իրենց շրջապատում էր: Արձագանքն իրեն սպասել չտվեց. փառատոնի ընթացքում կազմակերպիչներից մեկը մոտեցավ խմբին՝ «Երբ ձեզ տեսա հրապարակում, մտածեցի՝ կամ խելագար են, կամ VAFI-ի մասնակիցներից են»: Բայց դա ամենը չէր. քանի որ Թումոյի խումբը փառատոնի հայաստանյան միակ ներկայացուցիչն էր, պատանիները որոշեցին տեղացիներին և զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական մշակույթը՝ նույն հրապարակում մի փողոցային երաժշտի կատարմամբ աֆրիկյան թմբուկի ռիթմի ներքո հայկական պարեր պարելով:

 

3rd full article 29 04 2015


Փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու Խորվաթիայի ամենահայտնի արվեստագետներից մեկի, կոմիքսների հեղինակ և փառատոնի ժյուրիի անդամ Կազիմիր Ժիմանիչի հետ, ով ասաց՝ «Ես այնքան էի տպավորված «Հրաշալի ուղեղով», որ ամբողջ ուժով պայքարեցի անիմացիային առնվազն երկրորդ տեղը տալու համար»:

 

Ինը ուսանողներից յուրաքանչյուրը ցանկանում է վերադառնալ Վարաժդին և շարունակել քաղաքն ուսումնասիրելը: Գրետա Մանուկյանը՝ թիմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, ասաց՝ «Փառատոնին մասնակցությունը և, ընդհանրապես, այդ քաղաքում լինելը շատ ոգեշնչող էր: Հիմա ես էլ ավելի եմ մոտիվացված հետագայում ևս փառատոնների մասնակցել և նման հիանալի քաղաքներում նկարչական հմտություններս զարգացնել»: