Թումոն հյուրընկալեց դիլիջանցի պատանիներին

2013-06-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցյալ շաբաթ, Թումո այցելեցին Դիլիջանի մասնաճյուղի 90 պատանիներ` Երևանի իրենց հասակակիցների հետ  ծանոթանալու և Թումոյի ուսումնական գործունեության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։ Նրանց ողջունեց ԹումոԲենդը՝ ներկայացնելով երաժշտական համար iPad-ներով, իսկ մի խումբ պատանիներ հանդես եկան պարային ելույթով։

 

Դիլիջանցիները ծանոթացան Թումոյի ժամանակակից ուսումնական հնարավորություններին։ Կինոսերները դիտեցին եռաչափ անիմացիոն ֆիլմ Թումոյի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կինոսրահում, իսկ մինչ այդ սպորտասեր դիլիջանցիներն ընկերական խաղ անցկացրին Երևանի պատանիների հետ՝ Թումոյի բացօթյա նորակառույց ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերում։ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Թումոյի տեսախաղասենյակը զբաղեցրել էին տեսախաղերով հետաքրքրված պատանիները, իսկ ծրագրավորմամբ հետաքրքրվող դիլիջանցիները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու Լեգո ռոբոտների հետ աշխատանքը։ Դիլիջանի պատանիների մի մասն էլ զովացավ Թումոյի ցայտող շատրվանների և արտացոլվող լողավազանի շուրջ՝ վայելելով հաճելի ժամանակ պիկնիկի համար նախատեսված բացօթյա հանգստի տարածքում։

 

Տասնվեց ամյա Սոնան արդեն 3 ամիս է, ինչ մասնակցում է Թումո ծրագրին Դիլիջան քաղաքում. նա շատ ոգևորված է, որ  այս յուրօրինակ ուսումնական ծրագրի մասնակիցն է. « Ինձ շատ դուր եկավ ԹումոԲենդի յուրօրինակ երաժշտական կատարումը։ Ես ինքս շատ եմ սիրում փորձարկել համակարգչային նորարար ծրագրեր թվային երաժշտություն ստեղծելու համար։ Եվ մեծ հաճույքով կմասնակցեմ նմանատիպ դասընթացի, երբ այն կազմակերպվի Դիլիջանում», - ասաց Սոնան։ «Ինձ համար նաև շատ տպավորիչ էր Թումոյի կինոսրահում եռաչափ ֆիլմ դիտելը, քանի որ առաջին անգամ էի նման ֆիլմ դիտում»։

 

Հունվարի 26-ին Դիլիջանում տեղի ունեցավ Թումո ծրագրի մեկնարկը Կենտրոնական բանկի աջակցությամբ: Այն գործում է Դիլիջանի "Գիտելիքի զարգացման կենտրոնի" երրորդ հարկում։ Այսօր արդեն 265 դիլիջանցի պատանիներ գրանցվել և հաճախում են Թումո։ Հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով նրանք ուսումնասիրում են չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: