Թումո պատանիները պատմում են իրենց պատմությունները ֆիլմի միջոցով

2013-08-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ամռան ամիսներին Թումոն հնարավորություն է ընձեռում իր սաներին, ովքեր հետաքրքրված են կինոարտադրությամբ և ունեն հետաքրքիր պատմություն պատմելու, մասնակցելու ֆիլմի ստեղծման դասընթացին:

 

Վեց շաբաթների ընթացքում հարյուր Թումո պատանի մասնակցեց այս նախագծին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ֆիլմարտադրության բոլոր փուլերին՝ նախարտադրությունից մինչև հետարտադրություն: Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի, որից յուրաքանչյուրն ուներ իր մենտորը:

 

Մասնակիցներից պահանջվեց սուղ ժամկետներում մշակել և ավարտին հասցնել հինգ րոպեանոց կարճ ֆիլմի նկարահանումը: Նրանք ազատ էին  ընտրելու իրենց ֆիլմի սցենարը: Ամեն ինչ արված էր այնպես, որ մասնակիցները զգան իրական ֆիլմ նկարահանելու ամբողջ ընթացքը: Ֆիլմի թեմաները զանազան էին՝ անձնական խնդիրներից մինչև սոցիալական և միջանձնային հարաբերություններ:

 

 

Իսկ անցած շաբաթ բոլոր մասնակիցները հավաքվեցին Թումոյի կինոսրահում՝ դիտելու և  ամփոփելու վեցշաբաթյա աշխատանքների արդյունքները: Կինոդիտմանը հաջորդեցին քննարկումերն ու խմբերի մենտորների խորհուրդները: Թիմերը կշարունակեն աշխատել իրենց ֆիլմերի նախագծերի վրա և բացահայտել կինոմատոգրաֆիայի հետաքրքրաշարժ աշխարհը։