2013-04-15
Թումոն, համագործակցելով «Լույս» հիմնադրամի հետ, ապրիլի 20-28-ը կտրամադրի նոր աշխատարան՝ ծանոթացնելով երիտասարդներին ճարտարագիտության և տեխնոլոգիաների կիրառության գործնական հմտություններին: Մասնակիցները կքանդեն համակարգիչներն ու կստեղծեն նոր սարքեր դրանց մասնիկներով: Կառուցելով գործող էլեկտրոնային սարքեր՝ նրանք ձեռք կբերեն գործնական և համակարգչային հմտություններ:
Մասնակիցները կբացահայտեն ճարտարագիտության, տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը, կկապեն իրերի մասին ստացված գիտելիքները իրական աշխարհում ամեն օր օգտագործվող սարքերի հետ, կզարգացնեն ստեղծագործականությունն ու կբացահայտեն նոր ուղղություններ, որոնցով գուցե ապագայում ցանկանան զբաղվել:
«Գաղափարների գործարան» աշխատարանը կվարի նորարար տեխնոլոգիաների բելգիացի փորձագետ Էտիեն Դելակրուան: Նա համադրում է արվեստի արտահայտչական ազատությունը և տեխնոլոգիական գործառնության խիստ պահանջները: Նա առաջինն է ստեղծել "Nomadic Workshops" երևույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ վարելով նմանատիպ աշխատարաններ աշխարհով մեկ: