Գյումրիում Թումո կբացվի

2014-11-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Շանթ» հեռուստաընկերության հայտարարած «Ապագայի համար» հեռուստամարաթոնը հասավ իր նպատակադրած նշաձողին՝ հանգանակելով 300.000 ԱՄՆ դոլար Գյումրիում Թումո հիմնելու նպատակով: Հավաքված գումարը հնարավորություն կտա ծավալել առաջնային աշխատանքներ Գյումրիում և ապահովել կենտրոնի մեկ տարվա անխափան գործունեությունը:

 

Գյումրիում կենտրոնի բացումը ևս մեկ քայլ է Թումոյի տեսլականի իրագործման համար՝ նպատակ դնելով ընդլայնվել Հայաստանով մեկ և սփյուռքում: 2011թ. օգոստոսին Թումոն բացեց իր հիմնադիր կենտրոնը Երևանում՝ մինչ օրս ուսումնառություն ապահովելով ավելի քան 10.000 հայ պատանիների համար՝ նրանց տրամադրելով 21-րդ դարի հմտություններ և թվային մեդիա ոլորտն ուսումնասիրելու, փորձառու մասնագետներից սովորելու հնարավորություն: Լինելով եզակի իր տեսակի մեջ՝ Թումոն նպաստում է, որ հայ պատանիները բացահայտեն իրենց ներուժը՝ տեխնոլոգիաների և արվեստի միջոցով:

 

Ակնկալվում է, որ Թումոն Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, կբացվի 2015 թ. գարնանը: Այն հնարավություն կունենա կրթելու ավելի քան 1000 պատանիների Գյումրիից և Շիրակի մարզի հարակից շրջաններից:

 

Թումոյի ընդլայնմանն ուղղված նվիրատվությունները շարունակական են: Ներդրում կատարելու համար այցելեք այստեղ: