2013-08-07
Ամռան ամիսներին Թումոն հնարավորություն է ընձեռում իր սաներին, ովքեր հետաքրքրված են կինոարտադրությամբ և ունեն հետաքրքիր պատմություն պատմելու, մասնակցելու ֆիլմի ստեղծման դասընթացին:
Վեց շաբաթների ընթացքում հարյուր Թումո պատանի մասնակցեց այս նախագծին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ֆիլմարտադրության բոլոր փուլերին՝ նախարտադրությունից մինչև հետարտադրություն: Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի, որից յուրաքանչյուրն ուներ իր մենտորը:
Մասնակիցներից պահանջվեց սուղ ժամկետներում մշակել և ավարտին հասցնել հինգ րոպեանոց կարճ ֆիլմի նկարահանումը: Նրանք ազատ էին ընտրելու իրենց ֆիլմի սցենարը: Ամեն ինչ արված էր այնպես, որ մասնակիցները զգան իրական ֆիլմ նկարահանելու ամբողջ ընթացքը: Ֆիլմի թեմաները զանազան էին՝ անձնական խնդիրներից մինչև սոցիալական և միջանձնային հարաբերություններ:
Իսկ անցած շաբաթ բոլոր մասնակիցները հավաքվեցին Թումոյի կինոսրահում՝ դիտելու և ամփոփելու վեցշաբաթյա աշխատանքների արդյունքները: Կինոդիտմանը հաջորդեցին քննարկումերն ու խմբերի մենտորների խորհուրդները: Թիմերը կշարունակեն աշխատել իրենց ֆիլմերի նախագծերի վրա և բացահայտել կինոմատոգրաֆիայի հետաքրքրաշարժ աշխարհը։