Երևանի կենտրոնը 3D-ով

2014-06-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս շաբաթ Հայաստան ժամանած համակարգչային դիզայներ և ճարտարապետ Բիայնա Պողոսյանը սկսեց իր դասընթացները Թումոյում: Դասընթացների երկու մակարդակներին մասնակցում են Թումո անդամներ, ճարտարապետ-ուսանողներ և երիտասարդ մասնագետներ: Երկու խմբերն էլ արդեն սկսել են ստեղծել պարամետրիկ դիզայնի նմուշներ՝ օգտագործելով Rhino-յի Grasshopper ծրագիրը:

 

Rhino Grasshopper-ը յուրացնելու հետ մեկտեղ, սկսնակ ուսանողները կստեղծեն 3D լեգոյանման մոդելներ, որոնք նաև կարող են համակցվել և կազմել միացյալ մոդել: Առաջադեմ խմբի անդամները կնախագծեն Երևանի շենքերի 3D մոդելներ, որոնք միանալով կկազմեն քաղաքի կենտրոնի մի մասը: Դասընթացի ավարտին բոլոր խմբերի մասնակիցները կտպեն իրենց աշխատանքները Թումոյի 3D տպիչներով և կկիսվեն իրենց արդյունքներով բաց ցուցահանդեսի ընթացքում:

 

Բիայնան Ճարտարապետական առաջադեմ դիզայնի գիտությունների մագիստրոս և Woodbury համալսարանի ճարտարապետության բակալավր է: Նա Somewhere Something ստուդիայի համահիմնադիրներից է: Ստուդիան զբաղվում է տվյալներով պայմանավորված վիրտուալ և կառուցված միջավայրերով, որոնք տեսնում են մարդկային գործողությունները և վարքագիծը, որպես դիզայնի կարևոր մաս, որը իրականացվում է առաջադեմ մեթոդներով: Բիայնան համագործակցել է Լոս Անջելեսի և Նյու Յորքի բազմաթիվ գրասենյակների հետ: Նա անցկացրել է թվային մեդիայի և դիզայնի սեմինարներ Կոլումբիայի համալսարանում, USC ճարտարապետության դպրոցում, Woodbury համալսարանում և Tongji համալսարանում: